Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության բողոքի ակցիան այսօր առանց միջադեպ չանցավ։ Պատճառը կալանավորի հագուստով խրտվիլակն էր, որ տարածք էին բերել ընդդիմադիրները։ Ըստ նրանց՝ այն վարչապետին էր պատկերում. մինչ մասնակիցները փորձում էին բարձրացնել խրտվիլակը, ոստիկաններն արագ առգրավեցին, քաշքշոց սկսվեց։
Միջադեպի ընթացքում բերման ենթարկվածներ այս անգամ չեղան։
Ընդդիմադիրները Գլխավոր դատախազության շենքի առջև էին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու։ Նրանք մեկ տարի առաջ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումն ու արցախցիների տեղահանությունը ցեղասպանություն են որակում։ Պնդում, թե դրա իրականացմանը հանցակից է եղել նաև Հայաստանի իշխանությունը։
Ըստ շարժման փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Հայաստանը պարտավոր էր ապահովելու արցախցիների անվտանգությունը։
«Դրա մասին է վկայում Անկախության հռչակագիրը, դրա մասին է վկայում Անկախության հռչակագրին հղում կատարող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ինչքան էլ որոշ անձինք փորձեն այս երկու փաստաթղթերն իրարից տարանջատել և անտեսել առաջին սահմանադրի կամքը: Եվ դրա մասին ուղղակի հղում կա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության տեքստում, որը վերջին անգամ թարմացվել է 2020 թվականին», - նշեց Խուդոյանը:
Վահագն Ալեքսանյան. Շարժմանն աջակցող ընդդիմադիրներն են պատասխանատու ԼՂ-ի տեղահանության համար
Իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ, Արցախում տեղի ունեցածի համար իրենց հերթին շարունակում են ընդդիմությանը մեղադրել։ «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պնդում է՝ «Սրբազան պայքար» շարժմանն աջակցող ընդդիմադիրներն են պատասխանատու Լեռնային Ղարաբաղի տեղահանության ու դրան նախորդած իրադարձությունների համար։ Հայաստանի իշխանությունն էնթիկ զտում է որակում Լեռնային Ղարաբաղի իննամսյա բլոկադան, դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիան։
«Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները վստահաբար շատ լավ գիտեն ու շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն կերպ հորդորել են Լեռնային Ղարաբաղին, որպեսզի նրանց իշխանությունները գնան ու բնակացություններ վարեն Սոֆիայում, ովքե՞ր են արգելակել այդ բանակցությունները, ովքե՞ր են վերջին օրերին բռնի կամ կիսաբռնի իշխանափոխություն իրականացրել Լեռնային Ղարաբաղում, պարտադրել նախագահի հրաժարական, նոր նախագահ նշանակել, նոր նախագահն ի՞նչ հրամանագիր է ստորագրել, այդ ամեն ինչը քաղաքացիները տեսնում են: Ու էդ ամեն ինչը իրականացրած շրջանակների կողմից նման մեղադրանքները, ես կարծում եմ, բացի հավելյալ զայրույթից դրանք հնչեցնողների նկատմամբ, ուրիշ բան հանրության շրջանում ուղղակի առաջացնել չեն կարող: Ես համարում եմ, որ մեր ժողովուրդը մի շատ լավ խոսք ունի, որը վստահաբար էս իրավիճակի մասին է՝ «սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռռում», - ասաց Ալեքսանյանը:
Ընդդիմադիրները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին նաև ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետի սեպտեմբերի 27-ի հայտարարության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել էր՝ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն: Փաշինյանը, սակայն, դա շատ հավանական չէր համարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան«Ցանկացած հրապարակային ելույթ, որը կատարվում է նման բարձր ամբիոնների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձի կողմից, եթե դա պարունակում է թշնամական քարոզչությունը սնող արտահայտություններ ու պնդումներ, յուրաքանչյուր դեպքն առանձին վերցրած պետական դավաճանության մեկ դրվագ է», - ընդգծեց Հովհաննես Խուդոյանը:
Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին վարչապետի հայտարարությունում խնդրահարույց որևէ բան չի տեսնում իշխանական պատգամավորը:
«Վարչապետի խոսույթը շատ հստակ էր ՄԱԿ-ի ամբիոնից, որ ինքը չի կարծում, իսկ Սահմանադրական դատարանի վճիռը եկավ փարատելու այդ բոլոր մտավախությունները, մեծ հաշվով, սահմանազատման կանոնակարգերի մասով փարատեց այդ բոլոր մտահոգություններն ու կասկածները», - նշեց Վահագն Ալեքսանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴԸնդդիմադիրները դատախազություն էին եկել նաև պարզելու, թե ինչ ընթացքում է անցած տարի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո հարուցված քրեական գործը։ Ադրբեջանի հարձակման հետևանքով 100 հազարից ավելի մարդ տեղահանվեց, 200-ից ավելի զինվորական ու խաղաղ բնակիչ զոհվեց։
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը երևացող ժամկետ առնվազն չի գործարկում այս անձանց պատասխանատվության հարցը և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները միջազգային ատյաններում պաշտպանելու համար», - ասաց շարժման փաստաբանը:
Քննչական կոմիտեից, մինչդեռ պնդում են, որ ակտիվ քննություն է ընթանում, բայց հրաժարվում են տեղեկություններ հայտնել դրա վերաբերյալ։ Իրավապահները նախաքննության գաղտնիությունն են պատճառաբանում։
Ընդդիմադիրները հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո հեռացան Գլխավոր դատախազության շենքի առջևից։
Բագրատ արքեպիսկոպոսը եռամսյա դադարից հետո վերսկսել է հավաքները, բայց իր քայլերի մասին շատ բան չի ասում։