Մատչելիության հղումներ

«Բագրատ սրբազանը քաղաքական անփորձության հետևանքով հայտնվեց ծուղակում». շարժման նախկին աջակից


«Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, արխիվ
«Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, արխիվ

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանը դժգոհ է իր առաջնորդած շարժման ընթացքից։
«Այսպես հանդարտ ընթացքը մեզ գոհացնող չէ», - հայտարարեց նա։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին երեկ հանրահավաքում հորդորեց միանալ, համախմբվել ու գործել։

«Մեզ ընդհանրական համախմբում է անհրաժեշտ, ոչ թե միայն զգացմունքով, այլ բանականությամբ և այդ բանականության համարժեք գործելու և ազատվելու այս չարիքից», - ասաց նա։

Արտախորհրդարանական տասնյակ ուժեր սրբազանի մայիսյան հանդիպումներին ու քննարկումներին ակտիվ մասնակցում էին, առաջարկներ անում ու լուծումներ փնտրում։ Գարնանը համախմբվեցին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վարչապետության ու Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ։

Ի՞նչ փոխվեց այս ամիսների ընթացքում, ո՞ր ուժերն են մերժում սրբազանին, ինչը՞ նրան չի գոհացնում, Բագրատ Գալստանյանն արձագանքեց. - «Գոհացնել-չգոհացնելու մասին չէ, ավելիով պետք է ներգրավված լինեն բոլոր դեպքերում, որովհետև ծանր սպասումներ կան մեր առջև, տեսնում ենք արդեն ծանր մարտահրավերներ, որոնք այս իշխանությունը բերում է մեր գլխին, և պետք է բոլոր ճանապարհներով՝ ավելիով»։

Նրա երեկվա ճանապարհը դեպի Հանրային հեռուստաընկերության տաղավար էր։ Շարժմանն աջակցած ուժերից «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարին այդ ճանապարհը դուր չի եկել։ Սուրեն Սուրենյանցը չի պատրաստվում նրա կոչին ընդառաջ գնալ ու համախմբվել։

«Սրբազանը Հ1-ում ստանում է այդ ելույթը, որտեղ նա ուղերձից հետո ուղղակի որևէ հարցի չպատասխանեց Պետրոս Ղազարյանի, և իշխանության համար շատ հարմար տեսարան է ստեղծվում։ Ես վստահ եմ, որ Բագրատ սրբազանը իր քաղաքական անփորձության հետևանքով հայտնվեց քաղաքական այս ծուղակում», - ասաց Սուրենյանցը։

Բագրատ սրբազանը չունի ճանապարհային քարտեզ ու չունի քաղաքական ասելիք, դժգոհեց Սուրենյանցը, որն ամեն դեպքում բարձր է գնահատում հոգևորականի մայիս-հունիսյան քայլերը, որ փողոց դուրս բերեցին բազմաթիվ մարդկանց ու ըստ Սուրենյանցի՝ «բացահայտեցին վարչապետ քաղաքական մերկությունը»։

«Շարժման հետ մեր գործակցությունը մենք դադարեցնում ենք, ես հիմա չգիտեմ՝ ինչ օրակարգի շուրջ է, որովհետև միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը բավարար չէ, որպեսզի բոլորիս կոնսոլիդացնի», - հավելեց Սուրեն Սուրենյանցը։

Սրբազանը եռամսյա դադարից հետո առաջին հանրահավաքն էր երեկ հրավիրել, որից հետո աջակիցների հետ բարձրացավ Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով։ Նրա առջև դռները բացեցին, ուղերձից հետո հարցազրույց տվեց։

«Ես, մեծ հարգանք տածելով սրբազանի անձի հանդեպ, շատ կուզենայի իրեն քաղաքականությունից դուրս տեսնել այս պահին, որովհետև նրա ղեկավարած գործընթացը, իմ սուբյեկտիվ կարծիքով, այս պահին իշխանության համար արհեստական շնչառության ապարատի ֆունկցիա է», - ասաց Սուրենյանցը։

Խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը այս ամիսների դադարից հետո չի փոխվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ աջակցում են շարժմանը։

«Դրա մասին ասել ենք բազմիցս, և որևէ այլ նպատակ, քան թե գործող ազգադավ իշխանության հեռացումն է, չկա», - նշեց նա։

«Որտեղ մենք եղել ենք, որտեղ մասնակցություն ենք ունեցել, մեր ձևաչափի, մոտեցումների, ներկայության մասին հստակ դիրքորոշում արտահայտել ենք», - ասաց «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։

Պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը սատարում են ընդդիմադիր հոգևորականին, մասնակցում հանրահավաքներին։ Երեկվա հավաքից օրեր առաջ էլ Բագրատ սրբազանը հանդիպել էր երկրորդ ու երրորդ նախագահներին։

XS
SM
MD
LG