«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի ավարտվել, այն նոր է սկսվում, Երևանում աջակիցների հետ հավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանն ասաց՝ որոշել են՝ նոր մեթոդաբանությամբ ու նոր մոտեցումներով հոկտեմբերից սկսում են ակտիվ պայքարի շրջանը։ Նրա խոսքով՝ սա լինելու է պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ «հաղթանակով երաշխավորված»։
Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվել էին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով: Նախորդ ամիս պատասխանելով հարցին, թե հնարավոր է՝ պայքարը ձգվի՞ մինչև 2026-ի հերթական ընտրություններ, արքեպիսկոպոսը բացասական էր արձագանքել։
Այսօրվա հավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանն ասաց՝ Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա. - «Պետք է ձևավորենք նոր իշխանություն, որը կձևավորվի ըստ արժանիքների՝ դառնալով համերաշխության կառավարություն»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պայքարի սկզբից իշխանականները պնդել են, թե վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ավելի վաղ վստահություն էին հայտնել՝ աշնանն էլ շարժումը հաջողության չի հասնի։
Ապրիլին սահմանազատման դեմ պայքար սկսած Բագրատ սրբազանը Տավուշից, ավելի կոնկրետ Կիրանց գյուղից քայլերթով Երևան էր եկել, ինչից հետո մայիսի 9-ին մայրաքաղաքում հանրահավաք եղավ, ապա սկսվեցին բողոքի ակցիաները, ցույցերը:
Մոտ մեկ շաբաթ առաջ նա խորհրդարանում հանդիպել էր ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ։ Ինչպես հանդիպումից առաջ էր նշել, պայքարը շարունակելու համար որոշել են քաղաքական դաշտի բոլոր գործող դերակատարներին հանդիպել։ Դրան էլ նախորդել էր հանդիպումը երկրորդ և երրորդ նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսանի հետ հանդիպումը փակ է եղել, հետևաբար սրբազանը հրաժարվել էր մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել։