Քամալա Հարիս, թե Դոնալդ Թրամփ. Ամերիկայի հայ համայնքում միասնական մոտեցում չկա

Միացյալ Նահանգներում ընտրություններից մեկ օր առաջ Ամերիկայի հայ համայնքում միասնական մոտեցում չկա՝ նոյեմբերի 5-ին քվեարկել դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի, թե՞ հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին։

«Ներկայումս տեսնում են հիասթափություն ամերիկահայերի կողմից երկու թեկնածուներից էլ: Երկու վարչակազմներն էլ մեղսավոր են արցախյան պատերազմում», - ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը:

Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարի խոսքով՝ հայ համայնքը հիասթափություն է ապրել և՛ 45-րդ նախագահ Դոնալդ Թարմփի, և՛ վերջին նախագահի՝ Բայդենի վարչակազմի օրոք, որի փոխնախագահը Քամալա Հարիսն է։

«Մեկը որպես նախագահ. 2020 թվականի պատերազմի ընթացքում նախագահ Թրամփը որևէ մի հստակ աշխատանք չտարավ կանգնեցնելու այդ հարձակումները, պատերազմը, որ թուրքական և ադրբեջանական կառավարությունները Հայաստանի ու Արցախի մեդ իրականացրին: Բադենի ու Հարիսի վարչակազմի ընթացքում ընթացքում էլ տեսանք՝ որպես թեկնածու Բայդենը խոսում էր, որ պետք է դադարեցնեն ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, բայց 21-ին հայկական ցեղասպանությունը ճանաչելուց մեկ օր առաջ արդեն ինքը որոշեց շրջանցել 907-րդ բանաձևի կրճատումները՝ ռազմական օժանդակության», - նշեց Չուլջյանը:

Վերջին շաբաթների թեժ մրցապայքարի ընթացքում երկու թեկնածուներն էլ ընտրողներին խոստումներ տվել են հայերի համար կարևոր թեմաների ու հատկապես Արցախի հարցի շուրջ, սակայն Չուլջյանի կարծիքով՝ երկու կուսակցություններն էլ ժամանակ ու հնավորություն ունեին գործով ապացուցելու, թե որքան իրական են այդ խոստումներն ու նպատակները։ Հանրապետականները կարող էին գործել որպես Կոնգրեսի մեծամասնություն, իսկ դեմոկրատները՝ որպես Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին, «վերահաստատել աջակցությունն Արցախի հայերին»ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս

«Հարիսի՝ վարչակազմի մեջ լինելով կարող էր անմիջապես հայտարարություն աներ, որ ամերիկյան կառավարությունը պետք է կանգնեցնի ամեն տեսակի ռազմական օժանդակությունը դեպի Ադրբեջան, նաև կարող էր հստակ քայլեր անել պատժամիջոցների գծով: Թրամփը կարող էր շատ հստակ կոչ ուղղել Ներկայացուցչության տան ղեկավարությանը, Սենատի ղեկավարությանը, որ ընդունվեն բանաձևեր, որոնք շատ կոնգրեսականների աջակցությունն ունեին», - ընդգծեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարը:

Նախընտրական օրերին, սակայն, համայնքի այս ակնկալիքն էլ իրականություն չդարձավ։

Փայլան. հայ համայնքը բավարար լծակներ չունի ազդելու Վաշինգտոնում կայացվող որոշումների վրա

Վերջին ամիսներին Վաշինգտոնում բնակվող Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի կարծիքով՝ հայ համայնքը բավարար լծակներ չունի ազդելու Վաշինգտոնում կայացվող որոշումների վրա։

«ԱՄՆ-ում 8 միլիոն հրեա է ապրում, 2 միլիոն հայ, մեր թիվը հրեաների թվի քառորդն է, բայց հայերի ազդեցությունն այս երկրում հրեաների ազդեցության 0.1 տոկոսն էլ չի կազմում։ Երբեմն ինքներս մեզ խաբում ենք երբ որևէ սենատոր կամ կոնգրեսական ասում է, թե շատ է սիրում հայերին, կարծում ենք, թե ԱՄն-ը Հայաստանի կողքին է։ Իհարկե, Կոնգրեսը կարևոր է, բայց նախագահի վարչակազմը ևս կարևոր է», - նշեց Փայլանը։

Այժմ Քարնեգի հիմնադրամի աշխատակից Փայլանի կարծիքով՝ ԱՄՆ-ում հայ համայնքը պետք կենտրոնացնի ուժերը՝ Վաշինգտոնին դրդելու, որ ավելի հայանպաստ որոշումներ կայացնի։ ԱՄՆ-ի մայրաքաղաքում ավելի լավ աշխատելու պարագայում, Փայլանն ասում է՝ միգուցե ընտրությունների նախօրեին էլ 2 թեկնածուների՝ Հայաստանին վերաբերող ծրագրերը այսքան անորոշ չթվային։

«Հազարավոր հայեր են ապրում տատանվող նահանգներում, նրանց ձայները կարող էր որոշիչ լինել ընտրությունների արդյունքների առումով», - ասաց նա։

ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 1.5 միլիոն հայերի մեծ մասն ապրում է Կալիֆորնիա նահանգում, որն ավանդաբար Դեմոկրատների օգտին է քվեարկում, ավելի քան 200 հազար հայեր էլ ապրում են ԱՄՆ-ում տատանվող համարվող նահանգներում, որտեղ ամեն ընտրողի ձայն այս պայքարում որոշիչ է։

Ըստ New York Times-ի՝ հրապարակված վերջին հարցումների համաձայն տատանվող ու որոշիչ ձայն ունեցող 7 նահանգներից 5-ում այս պահին առաջատարը Դոնալդ Թրամփն է ձայների ընդամենը 1 տոկոսի տարբերությամբ, իսկ ողջ երկրում, ըստ հարցումների, ընտրողների 49 տոկոսը պատրաստ է քվեարկել Հարիսի, 48 տոկոսը՝ Թրամփի օգտին։