Մատչելիության հղումներ

Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին, «վերահաստատել աջակցությունն Արցախի հայերին»


ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հաղորդում են կաթողիկոսությունից։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։

ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ կայացած այս հեռախոսազրույցի ժամանակ նախագահի թեկնածուն նաև ողջունել է ամերիկահայ համայնքը։

Մոտ 10 օր առաջ էլ նախկին նախագահը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնեն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։

«Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել էր նա, միևնույն ժամանակ քննադատել իր մրցակից, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, մեղադրել ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին անգործության համար, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս էլ Արցախ գրել:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության փոխանցմամբ՝ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Արցախի հայության իրավունքների վերաբերյալ նրա հրապարակային հայտարարության համար»՝ ընդգծելով Միացյալ Նահանգների միջազգային դերակատարության կարևորությունը։

Նա Դոնալդ Թրամփին ասել է, որ անհրաժեշտ է՝ ԱՄՆ նոր կառավարությունն ամբողջական զորակցություն հայտնի իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ «հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար», ինչպես նաև նոր կառավարության մեջ ընդգրկված լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ։

  • 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
  • Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կկարգավորի նաև հակամարտությունն Ուկրաինայում՝ նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը։ Սակայն, չի մանրամասնել, թե ինչպես է նա դրան հասնելու։
  • Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում ասել էր, որ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։ Նաև նշել էր, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

XS
SM
MD
LG