«Իրենց թող խելոք պահեն». քաղաքացիների մի մասն արդարացնում է բռնությունը, մեծ մասը գոհ է ոստիկանությունից

Երևանի Նժդեհի հրապարակի տարեց գրավաճառը երբևէ ոստիկանների հետ գործ չի ունեցել, բայց ոչ միայն բարձր է գնահատում նրանց աշխատանքը, այլև արդարացնում է ուժի մեթոդները կարգազանցների նկատմամբ։

Նրա այս կարծիքը զարմացնում ու զայրացնում է կողքով անցնող տղամարդուն. «Պիտի ծեծե՞ն, ծեծե՞ն մարդկանց»:

«Ազատության» հետ զրույցներում շատերն էին ասում՝ չեն առնչվել ոստիկանությանը, բայց գոհ են նրանց աշխատանքից, իսկ ընդդիմադիր ցուցարարներին ուժով բաժիններ տանելը կամ էլ բռնությունների մասին ահազանգերը կարևոր չէին համարում:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ հայաստանցիների 62 տոկոսը գոհ է ոստիկանությունից։

Օրերս ներքին գործերի նախարարը խորհրդարանում հայտնեց, որ հանցավորության աճ կա։ Օրինակ, առանձնապես ծանր հանցագործություններն աճել են միջինը 58 տոկոսով, ծանր հանցագործությունները՝ ավելի քան 13 տոկոսով։ «Ազատության» զրուցակիցներից հատուկենտ քաղաքացիներ բարձրաձայնեցին այս խնդիրը։

ԱՄՆ պետդեպարտամենտն ամիսներ առաջ իր զեկույցում աննախադեպ էր որակել հատկապես փաստաբանների նկատմամբ ոստիկանական բռնությունը, հիշեցրել նաև այլ դեպքերի մասին՝ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում գիշերային ակումբի այցելուներին ծեծի ենթարկելը, անչափահասի նկատմամբ բարձրաստիճան ոստիկանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու աղմկահարույց միջադեպը, ոստիկանական բաժանմունքներում ծեծի այլ դեպքերը։ Այս ամենը վկայում է ոստիկանության անպատժելիության աճի միտման մասին՝ գրել էին միջազգային փորձագետները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին

Ինչո՞ւ տեղական ու միջազգային իրավապաշտպանների, ԱՄՆ պետական դեպարտամենտի բացասական գնահատականները, բռնությունների մասին ահազանգերը չեն անհանգստացնում քաղաքացիներին:

«Իրար հաջորդած իշխանություններն այդպես էլ չկարողացան ոստիկանության դերն ու նշանակությունն ընկալել իրենք ու փոխանցել հանրությանը: Սա մեծ, շատ լուրջ խնդիր է, որովհետև պատահական չեն այս ձևակերպումները՝ «ուրեմն մի բան արել է, որ ծեծում են», «իրենց ծեծել կարելի է», «ոստիկանը պետք է ծեծի, եթե ինչ-որ մեկը մի բան արել է», - ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանական բռնությունն արդարացնող մտածելակերպը գալիս է դեռ խորհրդային տարիներից։ Նրա գնահատմամբ՝ այս իշխանություններն էլ չկարողացան փոխել դա։