Մատչելիության հղումներ

Փաստաբաններն անօրինական են համարում ՔԿ քայլը. իրավապահները երկրորդ անգամ են փորձում կալանավորել պարեկների գործով մեղադրյալին


Անցած շաբաթ պարեկների հետ միջադեպից հետո ձերբակալված և երեք օր անց դատարանի որոշմամբ ազատ արձակված Արամ Երիցյանն այսօր առավոտյան կրկին ձերբակալվել է։

Փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանն ասում է՝ դարձյալ ձերբակալել են, որ տանեն դատարան ու երիտասարդի կալանքի միջնորդությունը քննեն։

«Պաշտոնապես ձերբակալման հիմքը քննիչի որոշում է, քննիչը ձերբակալման որոշում է կայացրել այն հիմքով, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին, այսինքն, Արամ Երիցյանին անհրաժեշտ է ձերբակալել, որպեսզի ներկայացնեն դատարան՝ կալանքի հարցը քննարկելու համար: Արդեն մի անգամ քննարկվել է կալանքի հարցը», - ասաց Ջհանգիրյանը:

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ երկրորդ անգամ են կալանքի միջնորդություն ներկայացնելու, բայց թե այս անգամ ինչ հիմքով՝ չեն պարզաբանում։

Արամ Երիցյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, այս հոդվածով 2-5 տարվա ազատազրկում է նախատեսվում։

Օրերս Երևանում պարեկները նրանից պահանջել էին ավտոմեքենան ճիշտ տեղում կայանել, բայց հետո որոշել էին բաժին տանել, Երիցյանը համաձայնել էր գնալ, բայց պարեկները ցանկացել էին ձեռնաշղթաներով տանել, ինչից էլ վեճ էր ծագել ու արդյունքում՝ երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել էր ոստիկանություն։

Քննչականը միայն միջադեպի առաջին 20 վայրկյաններն էր հրապարակել, որում երևում էր ձեռնաշղթա հագցնելու ու երիտասարդի դիմադրության պահը։ Հետո Արամ Երիցյանի փաստաբան եղբայրը հրապարակեց շարունակությունը։ Այնտեղ երևում էր, թե ինչպես են 2 պարեկներ Երիցյանին տապալում գետնին, հագցնում ձեռնաշղթաներն ու շատ մոտ տարածությունից աչքերին երկու անգամ արցունքաբեր գազ փչում:

Փաստաբան Ջհանգիրյանն ասաց, որ անցած անգամ դատարանը մերժել էր կալանավորել պաշտպանյալին՝ եզրահանգելով, որ ազատությանն մեջ չի խոչընդոտի քննությանը և չի թաքնվի իրավապահներից։ Երկրորդ անգամ միջնորդություն ներկայացնելիս Քննչականը պետք է այլ հիմք բերի՝ ասում է փաստաբանը:

Արցախից տեղահանված երիտասարդի փաստաբան եղբայրը՝ Ռոման Երիցյանն, իր հերթին, պնդում է՝ Քննչականի կողմից ընդամենը երեք օր հետո կրկին կալանքի միջնորդություն ներկայացնելն անօրինական է։

«Բա ի՞նչ է, որ անօրինական չի, իրանք ե՞րբ են օրինական արել, որ հիմա էլ օրինականությանը հետևեն», - ընդգծեց նա:

Մյուս փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ընդգծում է՝ վերջին երեք օրը, լինելով ազատության մեջ, պաշտպանյալը որևէ խախտում չի արել։ Այդ ի՞նչ նոր հիմք են գտել Քննչականում, փաստաբանը տեղյակ չէ, ասաց՝ այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չեն կարողացել հստակեցնել։

«Կրկին փորձելն անօրինական է, եթե նոր հիմքեր չկան: Առավոտից սպասում ենք միջնորդությանը քննիչի, որպեսզի հասկանանք՝ նոր հիմքեր կան, թե չկան, հակառակ պարագայում 10 տարի, 100 տարի էլ անցնի, այսպիսի որոշում կայացրած քննիչը ենթակա է քրեական պատասխանատվության», - ընդգծեց փաստաբանը:

Եթե իրավապահները միջադեպից երկու օր անց քաղաքացուն մեղադրանք առաջադրեցին պարեկների նկատմամբ բռնության հոդվածով, ապա նույն կերպ չեն գործում վնասվածքներ ստացած Երիցյանի դեպքում, չնայած քրեական գործին, միջադեպից վեց օր անց էլ պարեկները մեղադրյալ չեն։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը քննադատում է պարեկների գործողություններն ու պնդում՝ դա խոշտանգում էր, և որպեսզի չկրկնվեն նման դեպքերը, որպեսզի օրենքի ներկայացուցիչներն իրենք չխախտեն օրենքը՝ հարձակվելով ու ծեծելով մարդկանց, պետք է պատժվեն։

«Եթե մենք ունենանք նախադեպեր, որ տվյալ դեպքով առնվազն ունենանք հստակ ոստիկանության աշխատակցի հանդեպ քրեական հետապնդման արդյունքում դատական վճիռ, որով ոստիկանության աշխատակիցը կպատժվի, այս դեպքում պարեկային ծառայողը, մենք կարող ենք ենթադրել, որ հետագայում կարող են կանխվել նաև այսպիսի ուժի կիրառման և խոշտանգման դեպքերը», - ասաց Հովհաննիսյանը:

Չնայած իրավապաշտպանների պահանջներին, վերջին ամիսների ոստիկաններին առնչվող հնչեղ քրեական գործերով դեռևս որևէ մեղադրյալ ոստիկան չկա։

XS
SM
MD
LG