Բեյրութն այսօր էլ արթնացավ ծխի ու ավերակների մեջ։ 22 զոհ, 100-ից ավելի վիրավոր մեկ գիշերվա ընթացքում։
Իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնի շենքերին։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածների հետևանքով չորս հարկանի շենք է փլուզվել, իսկ ութ հարկանին՝ վնասվել։
«Երկրորդ հարվածը շատ ավելի հզոր էր, քան առաջինը։ Մարդիկ ոտաբոբիկ իջան: Նրանք ճչում էին: Սարսափելի տեսարան էր, անհավատալի բան էր», - ասել է բնակիչներից մեկը։
Արաբական մամուլը նշում է, որ հարվածները տեղի են ունեցել Բեյրութի խիտ բնակեցված հատվածում։ Հարվածներից հետո բնակիչների շրջանում խուճապ է առաջացել։ Փրկարարներին հաջողվել է տարհանել բոլորին, ովքեր արգելափակված են մնացել շենքերից մեկի վերին հարկերում։
Հայերի շրջանում խուճապային տրամադրություն չկա. Ավետիս Դաքեսյան
Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ավետիս Դաքեսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այս հարձակումները հայկական թաղամասից հեռու են։ Հայերի շրջանում խուճապային տրամադրություն չկա։
«Այդ շրջաններում հայեր չեն ապրում, ավելի արևմտյան շրջանում են հայերն ապրում, այդտեղ որևէ վտանգ չկա», - նշեց Դաքեսյանը:
Սաուդյան Al Hadath հեռուստաալիքը երեկ հայտնել է, որ հարձակման թիրախը եղել են ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի փեսան և կազմակերպության հետախուզական ծառայության ղեկավար Վաֆիկ Սաֆան։ Նրանց մահվան մասին հաստատում դեռ չկա։
Լիբանանյան Al Mayadeen-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման աղբյուրը, հայտնել է, որ Սաֆան ողջ է։ Reuters-ը, հղում անելով անվտանգության երեք աղբյուրների, ևս հաղորդում է, որ «Սաֆան ողջ է մնացել»:
Իսրայելը չի մեկնաբանել հարձակումը։
Իսրայելական ուժերի հարվածից երեկ Լիբանանի հարավում էլ երկու խաղաղապահ է վիրավորվել, երկուսն էլ Ինդոնեզիայից։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թել Ավիվին զգուշացրել է՝ անհանդուրժելի այս միջադեպը չպետք է կրկնվի։ Գուտերեշի հայտարարությունից հետո, սակայն, խաղաղապահների ուղղությամբ ևս մեկ հարձակում է եղել և ևս երկու վիրավորի մասին է հաղորդվում։
ՊՆ-ից տեղեկացնում են՝ որևէ նորություն խաղաղապահների մասին չեն կարող հայտնել
Հայաստանի պաշտպանության նախարարությունից այսօր «Ազատության»-ը փոխանցեցին, որ որևէ նորություն խաղաղապահների մասին չեն կարող հայտնել՝ կրկնելով մի քանի օր առաջ արված հայտարարությունը՝ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մաս կազմող հայկական զորախումբը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է ծառայություն իրականացնում։ Արտաքին գործերի նախարարությունն այսօր խսոտրեն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը։
Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների պայմաններում Հայաստանը դեռ չի շտապում տարհանել հայերին։ Սակայն հենց լիբանանահայերը «Ազատության» հետ զրույցում այս պահին էվակուացիայի անհրաժեշտություն չեն տեսնում։
«Չենք ուզում, որ հայ համայնքը տարհանվի, մենք չենք համոզում, որ գնացե, դեռ տարհանման աստիճանի չի հասել, բայց եթե ինչ-որ մեկն ուզում է գնալ, մենք համոզում ենք, որ Հայաստան գնա: Երեքշաբթի օրը դեսպանի հետ պետք է հանդիպեն կուսակցությունների ատենապետները: Տարհանման խուճապը չկա», - ասաց Ավետիս Դաքեսյանը:
Տարբեր հաշվարկներով Լիբանանում մոտ 100 հազար հայեր են ապրում են։ Սփյուռքի հանձնակատարն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին տարիներին, երբ Լիբանանում տնտեսական ու անվտանգային վիճակն ավելի սրվեց, ավելի մեծ թվով հայեր են սկսել դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին շաբաթներին Լիբանանում ավելի քան 1500 մարդ է զոհվել, հայտնում է երկրի ԱՆ-ն