Լիբանանում այսօր ուշքի են գալիս Բեյրութի վրա վերջին երկու շաբաթվա ամենաուժգին հարձակումներից հետո. շաբաթ գիշերն ու կիրակի վաղ առավոտյան հասցված հարվածներից Բերյութում տասնյակ մարդիկ են զոհվել, իսկ վերջին 2 շաբաթվա զոհերի թիվն անցել է 2000-ը։
«Այո, գիշերային լռության մեջ ռմբակոծությունների ձայները լավ լսվում են, վնասը հասցնում են նույն տեղը՝ արաբական թաղամասը, որտեղ ապրում է «Հեզբոլա»-ի ավագանին, իրենց ժողովուրդը, իրենց զինամթերքը գետնի տակ պահված, հենց այդտեղ են խփում ու հիմնահատակ վնասում են», - «Ազատությանն» ասաց տեղացի հայերից մեկը:
Տեղացիների հայերի խոսքով՝ հուշող նշաններ չկան կարծելու, թե Լիբանանում տեղակայված «Հեզբոլա» խմբավորման ու Իսրայելի հակամարտությունը կարճ է տևելու ու շուտով կավարտվի, ընդհակառակը՝ շատերը չեն տեսնում հակամարտության ավարտը։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը որևէ պահի կտարհանի՞ իր քաղաքացիներին կամ ազգությամբ հայերին Լիբանանից, որտեղ մեծ հայկական համայնք կա։
«Մեր համայնքը մեծ իմաստով դեռ իր վրա անմիջականորեն չի զգացել այդ ռազմական գործողությունների հետևանքները: Չնայած կա անհանգստություն, սակայն դեռևս չկա խուճապ ու չկա երկրից դուրս գալու կամ Հայաստան գալու անմիջական ցանկություն», - նշեց Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սփյուռքի հանձնակատարի խոսքով՝ համայնքի ներկայացուցիչներն առայժմ չեն դիմել աջակցության կամ տարհանման խնդրանքով, բայց ասում է՝ անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն, ինչպես անցյալ տարի հոկտեմբերին Իսրայելից հեռացող հայերի պարագայում։
Այնուամենայնիվ, քննարկե՞լ է կառավարությունը այն սցենարը, երբ անհրաժեշտ լինի մարդկանց տեղափոխել Լիբանանից։
«Այս տարի քննարկումները չեն սկսել, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում այս քննարկումն ամենօրյա ռեժիմով է տեղի ունենում, ես ամեն օր ստանում եմ նոր զեկույց իրավիճակի հետ կապված, նաև եզրակացնում ենք՝ պետք է դիմել Անվտանգության խորհրդին, արդյոք պետք է դիմել վարչապետին և Արտգործնախարարությունը, որպեսզի ավելի կոնկրետ քայլերի դիմենք, թե՝ ոչ: Դեռ այդ պահը չի հասունացել», - ասաց Սինանյանը
Բեյրութում բնակվող բժիշկ Գոսդան Յափուջյանի խոսքով՝ Բեյրութի հայկական համայնքի առաջնորդները քիչ հավանական է, որ դիմեն Հայաստանի իշխանություններին տարհանում կազմակերպելու հարցով, ճգնաժամի սրման դեպքում միայն կփորձեն տեղում աջակցել հայերին։
«Կասկածում եմ, որ իրենք այդպիսի որոշում կայացնեն՝ դատարկել Լիբանանը: Լիբանանը կաթողիկոսություն ունի առաքելական, պատրիարքություն կա, կենտրոններն են սրանք, առավել ևս քաղաքական կյանքում ներկայություն է», - նշեց Յափուջյանը:
Վերջին տարիների Լիբանանի տնտեսական խնդիրներից ու Բեյրութի պայթյունից հետո, սակայն, արտագաղթի նոր ալիք է սկսվել այդ երկրից, նաև հայկական համայնքից, հիմնականում դեպի ԱՄՆ ու Կանադա, քչերի պարագայում՝ դեպի Հայաստան։ Յափուջյանի դիտարկմամբ՝ Լիբանանում մնացել են միջին ու միջինից ցածր եկամուտ ունեցող մարդիկ, որոնք այս պահին ցանկության դեպքում էլ չեն կարող իրենց թույլ տալ հեռանալ երկրից։ Վերջին տարիներին Բերյութում գրեթե անհնար է դարձել անշարժ գույք վաճառելը կամ բանկից կանխիկացնել մարդկանց տարիների ընթացքում կուտակած գումարները։
«Այն մասսան, որ մնացել է Բեյրութում, նյութապես ապահովված մասսա չէ. տոմսի հարց ունի, տեղափոխություն հարց ունի: Մենք գտնվում ենք պարադոքսի մեջ, վտանգը ստիպում է մարդկանց դուրս գալ այս երկրից, մյուս կողմից էլ իրենց ինչ-որ մագնիսական մի բան քաշում է՝ մնալ այս երկրում, որովհետև ինչ-որ կառուցել են տարիների ընթացքում մնում է Լիբանանում», - ընդգծեց Գոսդան Յափուջյանը:
Չնայած Լիբանանի հայ համայնքից արտագաղթին՝ տարբեր հաշվարկներով այդ երկրում մոտ 100 հազար հայեր դեռ ապրում են, Սփյուռքի հանձնակատարն ասում է՝ վերջին տարիներին, երբ Լիբանանում տնտեսական ու անվտանգային վիճակն ավելի սրվեց, ավելի մեծ թվով հայեր են սկսել դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։