«Իշխանությունն ահաբեկում է Աղազարյանին, որ Փաշինյանին հակառակվելու որևէ նախադեպ չլինի». «Հայաքվե»-ից դիմում են դատախազին

Արդեն նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը ոչ այնքան վերջին իրադարձություններից, որքան թիմակիցների վերաբերմունքից է ազդվել, ասում է՝ ընկերներն ու գործընկերները երեկվանից իրեն հանդիպում են միջանցքներում, բայց չեն բարևում: Պատգամավորը ենթադրում է, թե ինչու. - «Նեղացած են ինձանից, որ վարչապետի խնդրանքը չեմ կատարել»:

Աղազարյանի շուրջ այս պատմությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրանքը: Կառավարության ղեկավարն SMS հաղորդագրությամբ երկու պատգամավորի էր դիմել մանդատը վայր դնելու հարցով: Նարեկ Զեյնալյանը հաջորդ օրն առանց քննարկելու կատարել էր Փաշինյանի խնդրանքը, իսկ Աղազարյանը՝ դիմադրել: Խորհրդարանի նախագահն այսօր էլ կրկնեց՝ ինչպե՞ս կարելի էր Փաշինյանի հորդորն անտեսել:

Երեկ վարչապետը խորհրդարանում հայտարարեց՝ տարբերակ կգտնեն նախկին թիմակցին մանդատից զրկելու համար:

Օրենքով պատգամավորը մանդատից կարող է զրկվել միայն այն դեպքում, երբ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում: Հնարավո՞ր է՝ Աղազարյանն ամեն դեպքում մտափոխվի և հրաժարվի մանդատից, պատգամավորն այսօր բացառեց նման հնարավորությունը:

«Ինքը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ իմ մանդատը վայր դնեմ, ինքը բոլոր միջոցներով կարող է հասնել նրան, որ ես մանդատից զրկվեմ», - նշեց Հովիկ Աղազարյանը:

Որքան Աղազարյանը շարունակում է դիմադրել, այնքան ավելի են սրվում նրան ուղղված մեղադրանքները, թե պետական գաղտնիք է փոխանցել մամուլին, խախտել բարոյական նորմերը: Ալեն Սիմոնյանն այսօր առանց կոնկրետ օրինակների անգամ պնդեց, թե որոշ փուլերում հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել Աղազարյանի կազմակերպած արտահոսքերի պատճառով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուզում էի խեղդեի». ըստ Ալեն Սիմոնյանի՝ Աղազարյանը լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ է հայտնել

«Պատճառներից մեկն այն է եղել, որ մենք պայմանական պայմանավորվածություն ենք խախտել, բարձր դրա մասին խոսել ենք, արտանետում ենք արել, դե հիմա գնա ապացուցի, որ էս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ այդ ինֆորմացիան փոխանցել, այլ սխալվել է», - ընդգծեց Սիմոնյանը:

ՔՊ-ականները երկրորդ օրն է՝ շեշտում են, թե խոսքը պետական գաղտնիքի մասին է, որով պետք է զբաղվեն իրավապահները: Գլխավոր դատախազությունից մինչ այս պահը չեն ասել՝ կա՞ հարուցված քրեական գործ, թե՝ ոչ, «Ազատության» հարցմանն էլ չեն պատասխանել: Մինչ այդ Աղազարյանը նախկին թիմակիցներին, նրանք էլ Աղազարյանին առաջարկում են հանրայնացնել այն, ինչ համարում են պետական անվտանգությունը խաթարող տեղեկություն:

«Եթե իրենք չհրապարակեն ես եմ հրապարակելու, ասեմ՝ այստեղ որտե՞ղ է իմ հանցանքը», - նշեց Աղազարյանը:

Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Այս ամբողջ պատմության օրինականությունը կարող է պարզել Գլխավոր դատախազությունը, եթե Հովիկ Աղազարյանի հեռախոսի թնջուկը պարզելու համար քրեական գործ հարուցի և քննի վարչապետ Փաշինյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի, ԱԱԾ աշխատակիցների գործողությունները, ասում է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը։ Նա այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

«Հովիկ Աղազարյանը որպես մեղադրյալ չի անցնում, որ որպես մեղադրյալ անցնի, պետք է անձեռնմխելիությունից հանվի, քանի որ չկա տենց բան, իրավունք չունեին ոչ առգրավել, ոչ էլ տվյալների որևէ զննում իրականացնել», - նշեց Չալաբյանը:

Ի դեպ՝ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին այսօր զայրացավ, երբ հարցրինք՝ իրավունք ունե՞ր նախաքննական մարմինը Աղազարյանի հեռախոսն առգրավել, երբ հաղթահարված չէր անձեռնմխելիության արգելքը. - «Երբ Քննչականը ուղիղ կպատասխանի, որ առգրավել ենք Հովիկ Աղազարյանի հեռախոսը, կգաք կասեք՝ առգրավել են»:

Բայց Գաբրիելյանը նույն կերպ չվրդովվեց, երբ Փաշինյանը երեկ ամբիոնից այդպիսի պնդում արեց. - «Հովիկ Աղազարյանի հեռախոսը առգրավվել է անկախ մարմնի կողմից»:

«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչը պնդում է՝ սա հակաօրինական գործընթաց է և դրանով իշխանությունն ահաբեկում է Հովիկ Աղազարյանին, որպեսզի վարչապետ Փաշինյանին հակառակվելու որևէ նախադեպ չլինի. - «Ակնհայտ է, որ Փաշինյանը հասկանում է, որ եթե այս նախադեպն անցնի, Հովիկ Աղազարյանը չհանձնվի, Աղազարյանի հետևից մյուս Աղազարյաններն էլ են անելու: Բռնապետության մեջ ընդունված չի, որ պատգամավորից մեկը սեփական կարծիք ունենա»:

Ավետիք Չալաբյանը հավելում է՝ իրավական պետության պարագայում այսօր ոչ է ՔՊ-ականները կպնդեին, որ Աղազարյանը պետական գաղտնիք է հրապարակել, այլ դատարանը՝ դատական վճռով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աղազարյանին ժամեր շարունակ հարցաքննել են, հեռախոսն առգրավել