Իրանամետ զինյալներն, ըստ լրատվամիջոցների, Իրաքից մտել են Սիրիա՝ կառավարական ուժերին օգնելու համար

Իրանի արտգործնախարարի Դամասկոս այցից հետո լրատվամիջոցները հաղորդում են՝ իրանամետ զինյալներն այս գիշեր Իրաքից մտել են Սիրիա՝ կառավարական ուժերին օգնելու համար, միևնույն ժամանակ ինտենսիվանում են ռուս-սիրիական օդային հարվածներն այս պահին ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքներ։

Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլա»-ի ձեռք բերված փխրուն հրադադարից հետո ապստամբների հարձակողական գործողությունները Սիրիայի հյուսիսում անակնկալ բնորոշումը ստացան։

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված իսլամական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության զինյալներն անցած շաբաթ հարձակողական գործողություններ սկսեցին և ընդամենը մի քանի օրում մտան Հալեպ, ըստ հաղորդումների, չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության, այժմ էլ նրանց առաջխաղացումը շարունակվում է:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի քարտեզում նշված են վերահսկողության գոտիները Սիրիայում այս պահին.

Սիրիական բանակը շաբաթ օրը հայտարարեց, թե «ժամանակավորապես դուրս է բերում զորքերը Հալեպից ահաբեկիչների նկատմամբ հակահարձակում նախապատրաստելու համար» ու տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում զոհվել կամ վիրավորվել են տասնյակ զինվորներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիական բանակը հայտնել է Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին

Մեծ Բրիտանիայում գործող մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի տվյալներով զոհերի թիվն անցնում է 300-ը, այդ թվում՝ տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել։ Լրատվամիջոցները հաղորդում են, թե ապստամբ խմբավորումները տեղի բնակիչների նկատմամբ գործողություն չեն իրականացնում, զինյալները հավաստիացնում են, թե Հալեպից հեռանալու կարիք չկա:

Ռուս-սիրիական օդային հարվածներից հետո, սակայն, հազարավոր քաղաքացիներ հեռանում են ռազմական գործողությունների կիզակետում հայտնված իրենց բնակավայրերից:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարձակումից հետո իր առաջին մեկնաբանությունը նախօրեին տվեց՝ հայտարարելով, թե կշարունակեն պաշտպանել Սիրիայի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը ահաբեկիչներից ու նրանց աջակիցներից։ Ասադը պնդում է՝ կարող են հաղթել, որքան էլ հարձակումները ինտենսիվ լինեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիան «կպաշտպանի իր կայունությունն ու տարածքային ամբողջականությունը ահաբեկիչներից». Ասադ

Կիրակի երեկոյան էլ Ասադը Դամասկոսում ընդունեց Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիին, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց՝ շարունակելու են աջակցել Սիրիային։ Արաղչին վստահություն է հայտնել, թե սիրիական ուժերը կհաղթնեն՝ հայտարարելով՝ վերջին տարիներին Սիրիան շատ ավելի բարդ խնդիրներ է հաղթահարել, քան ընթացիկ իրադարձություններն են։

Այս գիշեր Իրանի արտգործնախարարն Անկարա է մեկնել: Ի տարբերություն Իրանի ու Ռուսաստանի՝ Թուրքիան ոչ թե Բաշար Ասադի իշխանությանն է աջակցում, այլ ընդդիմադիրներին։ Այժմ էլ Անկարան սլաքներն ուղղում է Ասադի ռեժիմի ուղղությամբ։ Աբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը բռնության վերսկսումը պայմանավորել է սիրիական ռեժիմի քաղաքական երկխոսությունից հրաժարվելու հետ։ Անկարան հայտարարում է՝ սիրիական ռեժիմը պետք է հաշտվի ժողովրդի և օրինական ընդդիմության հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Փեզեշքիանը «անվերապահ աջակցություն» են խոստանում Սիրիայի առաջնորդին