Ինչո՞ւ է ոստիկանը քաղաքացու հետ հարաբերվում հայհոյանքով, ոտքերով ու ձեռքերով հարվածելով։ Բարեփոխման գնացող Ներքին գործերի նախարարությունում չունեն այս հարցի հստակ պատասխանը։
Փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդունում է՝ կան խնդիրներ, բայց լուծում են։
«Ոստիկանության գվարդիայի դեպքում, որի հենքում ընկած կլինեն ոստիկանության զորքերը, այս պահի դրությամբ մենք առաջին բաղադրիչում ենք գտնվում՝ նոր օրենքի մշակում, որն արդեն իսկ առաջին ընթերցմամբ անցել է Ազգային ժողովում, դրանից հետո՝ հոկտեմբերին, կսկսվեն խորքային վերապատրաստումները թե զորքերի, թե պետական պահպանության գլխավոր վարչության, թե մնացյալ ստորաբաժանումների, որոնք մաս կկազմեն գվարդիայի։ Բացառապես այդ վերապատրաստման արդյունքներով է, որ որևէ մեկը կհավակնի նշանակվելու ոստիկանության գվարդիային», - ասում է ներքին գործերի փոխնախարարը։
«Եթե դա է բարեփոխում, պետք չէ այդպիսի բարեփոխում, թող վերցնեն, իրենք էլ իրենց բարեփոխված ոստիկաններով էլ հեռանան այս համակարգից։ Ի վերջո, դա ոչ միայն քաղաքացու իրավունքի ոտնահարում է, դա պետության հեղինակազրկում է նշանակում», - նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը բազմաթիվ օրինակներ ունի, որոնց մի մասը վերաբերում են մայիսից սկսված ընդդիմադիր շարժման մասնակիցների նկատմամբ ոստիկանների բռնություններին, վատ վերաբերմունքին։ Մինչ իշխանությունները պնդում են, թե իրավապահների գործերին չեն միջամտում, դաշնակցական պատգամավորը կարծում է՝ այս ապօրինությունները խրախուսվում են բարձր ղեկավարության կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավաչափ ո՞ւժ, թե՞ ոստիկանական բռնություններ. իշխանությունն ու ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կերպ են մեկնաբանում«Բնականաբար, իրենք իրենց հանձնարարությունը կատարողների նկատմամբ որոշակի երաշխիքներ, ըստ էության, պետք է տան, որ նրանք շարունակեն իրենց ապօրինություններն ու վայրագությունները գործադրել», - շեշտեց նա։
Արծվիկ Մինասյանը բարեփոխվող ոստիկանությանը հիշեցնում է շուրջ երկու ամիս առաջ Դաշնակցության Գերագույն մարմնի շենքի առջև պատգամավոր Աշոտ Սիմոնյանի ծեծը։ Կա տեսանյութ, պարզ երևում են պատգամավորին հարվածներ հասցնող մի քանի տասնյակ կարմիր բերետավորները, բայց չկա մեղադրյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաշնակցական Աշոտ Սիմոնյանի ծեծից երեք շաբաթ անց էլ ոստիկան մեղադրյալ չկաԿան բազմաթիվ ուսումնասիրություններ և ծառայողական քննություններ. փոխնախարար
Արփինե Սարգսյանն այդպես էլ հստակ չպատասխանեց «Ազատության»-ը, թե ինչպես կարող է ուսադիր կրող ուժային կառույցի ներկայացուցիչը, եթե անգամ դեռ բարեփոխման դասընթացների չի մասնակցել, չիմանալ, որ հանցագործություն է հարձակվել քաղաքացու վրա, գցել ոտքերի տակ ու ծեծել։
«Այդ մասով ես ասեմ, որ մեր ներքին անվտանգության և հակակոռուպցիան վարչությունում կան բազմաթիվ ուսումնասիրություններ և ծառայողական քննություններ, ընդ որում, չորս տասնյակն անցնում են այդ ուսումնասիրություններն ու ծառայողական քննությունները, մեկ հոգին, ում մասին նշում եք, նրա ծառայողական լիազորություններն են դադարեցվել։ Մնացածի մասով դեռևս ընթացքում է գտնվում քննությունը, և արդյունքները թույլ կտան հասկանալ՝ ինչպիսի իրավիճակ ունենք», - ասաց նա։
Փոխնախարարը, որ հետևում է ընդդիմադիրների վկայակոչած բռնությունների մասին հրապարակումներին, ասում է, որ քննչականն ու դատախազությունը կորոշեն՝ որ ոստիկանն է առերևույթ հանցագործություն կատարել. - «Կարող են լինել տարբեր իրավիճակներ, որ օրինակ՝ լինեն, բայց ապացույցների բավարար շեմ չլինի, և դեռևս անձը մեղադրյալ ներգրավված չլինի։ Սրանք հարցեր են, որոնք նախարարության տիրույթում չեն գտնվում»։
Մինչ փոխնախարարը պնդում է, որ ոստիկանությունը օրենքով է գործում, ընդդիմադիր պատգամավորն իր օրինակն է բերում՝ դեռ 2022 թվականի ընդդիմադիր շարժման օրերին էր տուժել ոստիկանների գործողություններից, բայց մինչ օրս մեղադրյալ ոստիկան չկա, և միայն վերջերս դատարանով հասավ նրան, որ փակված գործը վերաբացվեց։
«Սկսած Ալեքսանդր Ազարյանից, ով խեղդելու փորձ էր անում ինձ բերետներից, ավարտված Հայկազ Ջոմարդյան, Միքայել Այվազյան և բազմաթիվ բերետավորներ, որոնք որ այդ ապօրինությունների հեղինակներն են, և ճարտարապետը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է», - նկատեց Արծվիկ Մինասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցուցարարներին բռնության ենթարկելու գործերով «զարգացում չկա». ըստ ընդդիմադիրների` սա անտրամաբանական էՄինասյանը նշում է՝ թույլ չեն տալու, որ իր գործի պես փորձեն փակել Աշոտ Սիմոնյանի և մյուսների գործերը
2022 թվականի գարնանը ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանական աշխատանքը ու փողոցային պայքար սկսել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մինասյանին ևս փորձել էին բերման ենթարկել, քաշքշել էին, պատռտել վերնաշապիկը։ Պատգամավորը տուժող էր ճանաչվել, բայց կարճ ժամանակ անց քրեական գործը փակվել էր՝ իրավապահները եզրահանգել էին՝ հանցագործություն չի եղել։
«Թե իբր ես նստած եմ եղել փողոցի վրա, ոստիկանները եկել են, ինչ ասել են՝ դուրս եկեք փողոցից, բացեք երթևեկությունը, ես հայհոյել եմ իրենց, հրաժարվել եմ, և իրենք ստիպված են ինձ բերման ենթարկելու փորձ արել», - պատմում է նա։
Իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբացված գործով Մինասյանն արդեն հարցաքննվել է։ Ասում է՝ թույլ չեն տալու, որ իր գործի պես փորձեն փակել նաև Աշոտ Սիմոնյանի և մյուսների գործերը, կպայքարեն ու կհասնեն մինչև Եվրոպական դատարան։ Մինասյանը հիշեցնում է, որ իրավապահները նույն կերպ են աշխատել նաև 2022-ի հավաքների ժամանակ՝ կային մի քանի տասնյակ մեղադրյալներ, բայց միայն ցուցարարների շարքերից, և այդպես էլ որևէ ոստիկան մեղավոր չճանաչվեց ուժ և հատուկ միջոցներ կիրառելու համար։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ոստիկանության գործողությունները 2022-ի ցույցերը ցրելիս որակել էր բռնի և անհամաչափ։ Վերջին շրջանում հայաստանյան իրավապահների գործողությունները քննադատել են նաև Freedom house-ը, ԱՄՆ պետդեպարտամենտը։