6 հրաժարական՝ մեկ օրում. գրեթե ողջ ուժային բլոկն՝ առանց ղեկավարների

Վեց հրաժարական՝ մեկ օրում. պաշտոնները լքում են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Հրաժարականների մասին լուրերից միայն 12 ժամ անց ալեկոծված կրքերը Վատիկանից շտապեց հանգստացնել վարչապետը՝ ֆեսյբուքյան իր էջում բացատրելով՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները։ Շնորհակալություն հայտնելով իր խնդրանքին ըմբռնումով մոտենալու համար, Փաշինյանը վստահեցրել է՝ պաշտոնանկությունները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին խոսել է։

Մինչ այս Փաշինյանն այդ պաշտոնյաների աշխատանքից անվանական ու հրապարակային երբեք չի դժգոհել:

«Եկել է պահը հայտնելու ՔԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին»

Թեև Փաշինյանը պնդում է, որ ինքն է խնդրել պաշտոնյաներին հրաժարական տալ, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր իր հրաժեշտի ուղերձը սկսել է այսպես. «Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին»։

Շուրջ 3 տարի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած 33-ամյա Քյարամյանը բավական բարդ է ձևակերպել հրաժարականի պատճառը՝ նշելով, որ «այն բխում է իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից»։

Ղազարյանը պատճառների մասին չի նշել

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն իր հրաժարականի պատճառների մասին ոչինչ չի նշել։ Այս պաշտոնը մոտ 2 տարի զբաղեցրած Ղազարյանը միայն խոսել է բազում փորձություններ հաղթահարելու մասին. - «Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով»:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը կառույցը ղեկավարեց շուրջ 3 տարի։ Նա առայժմ իր պաշտոնանկությանը չի անդրադարձել։

«Վստահ եմ, որ կատարված աշխատանքը տվել է և կտա իր արդյունքները»

Կեսօրից հետո արդեն հայտնի դարձավ, որ ազատման դիմում է գրել նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Դիմելով «սիրելի հարկ վճարողներին», Բադասյանը ևս հրաժարականի պատճառների մասին լռում է, խոսելով միայն կատարված աշխատանքի մասին. - «Վստահ եմ, որ կատարված աշխատանքը... տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում»։

«Գնում եմ առանց սկանդալի, մաղձի և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»

Պաշտոնից ազատվելու մասին այսօր վաղ առավոտյան բոլորից շուտ շտապեց հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ինչպես ինքն է ձևակերպել՝ առաջ ընկնելով պաշտոնանկությունների շրջանառվող շարքից՝ թեև մեկ ամիս առաջ ասում էր՝ հրաժարական չի տա: Պարզ չէ, սակայն, նա առաջ էր ընկել, քանի որ Փաշինյանը նրան նույնպե՞ս խնդրել է հրաժարական տալ, թե սա իր նախաձեռնությունն էր։ Նա ևս խուսափել է խոսել հրաժարականի պատճառների մասին, բայց ԲԴԽ նախագահի պաշտոնը, որը զբաղեցրել է շուրջ 2 տարի, որակել է թունավոր։

Սանոսյանը պնդում է՝ իրենից հետո «թողնում է հսկայածավալ աշխատանք»

Գրեթե ողջ ուժային բլոկի ու Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարության պաշտոնազրկումից հետո, այսօր հրաժարականի դիմում գրեց նաև Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը՝ պնդելով, թե հեռանում է հանգիստ ու խաղաղ, քանի որ իրենից հետո թողնում է հսկայածավալ աշխատանք։

Վարչապետ Փաշինյանը կառավարության անցած նիստում, երբ ասում էր, թե իր համբերության բաժակը լցվել է, խոսքն ուղղել էր կոնկրետ ուժային կառույցների և դատաիրավական ոլորտի պաշտոնյաներին՝ խոսելով երկրում հանցավորության վիճակի, կոռուպցիոներների, դատաիրավական ոլորտում չերևացող արդյունքների մասին։

Ո՞րն էր այդ դեպքում տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության դրդապատճառը։ Պաշտոնական բացատրություն չի հնչել, սակայն կառավարության անցած նիստում Փաշինյանը խոսեց Արմավիրից դեպի Գյումրի ճանապարհի, կոնկրետ Բայանդուրի հատվածի կառուցման մասին։ Առանց անուն տալու Վարչապետն ասաց՝ իրեն զեկուցել էին, թե ճանապարհն արդեն պատրաստ է, ինքն էլ ճանապարհի մեկ այլ հատվածից լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որից հետո քաղաքացիներն իրեն մեղադրել են սուտ խոսելու մեջ, քանի որ Բայանդուրի ճանապարհը դեռ կառուցված չի եղել։