ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ, X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Բաքվի երեկվա հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն է նշել, թե ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, որն արտացոլված է նաև Հայաստանի Անկախության հռչակագրում։ «Այնտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է», - մասնավորապես, հայտարարել է Մամեդովը։
Փաշինյանը հակադարձել է՝ հիշեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։
«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- գրել է Հայաստանի վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը պնդում է՝ Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն