Մատչելիության հղումներ

Փաշինյան. Ադրբեջանի Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա


ԱՄՆ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հանդիպումը, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2024թ.
ԱՄՆ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հանդիպումը, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2024թ.

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպման ժամանակ:

Շեշտելով խաղաղության օրակարգին ՀՀ Կառավարության հավատարմությունը` վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

Խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը, Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ, նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար:

Ավելին, խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար:

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, և ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն:

Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ` ի նպաստ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի այսօրվա այլ հաղորդագրությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, նաև հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոլ Քրիստոդուլիդեսի հետ:

Այս հանդիպման ժամանակ ևս վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ նշելով, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

Փաշինյանը և Քրիստոդուլիդեսն անդրադարձել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Պաշտոնական Բաքուն դեմ է խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ համաձայնեցված 13 և մասամբ համաձայնեցված 3 հոդվածներով ստորագրելու՝ Երևանի առաջարկին, պնդելով, թե եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, երեկ Երևանի առաջարկը «պարզունակ ու ոչ ադեկվատ քայլ» է որակել ու պնդել՝ Հայաստանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG