Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կառաջնորդի իր հիմնադրած «Նոր ուժ» կուսակցությունը։ «Մեր քաղաքական ուժը գալիս է փոխարինելու այս պահին գործող քաղաքական ուժին», - նշեց Մարությանը:
«Նոր ուժ»-ի ղեկավարը իշխանափոխությունը պատկերացնում է 2026-ին՝ հերթական ընտրություններով, բայց արտահերթն էլ չի բացառում, եթե ժողովուրդը դրան պատրաստ լինի. - «Եթե պրոցեսները զարգանան ավելի արագ, եթե ժողովուրդը ցույց տա, որ արդեն պատրաստ է փողոցային պայքարի կամ արտահերթ ինչ-որ գործողությունների, բնականաբար, մեր քաղաքական ուժն անպայման կիզակետում կլինի»:
Վարչապետ Փաշինյանի երբեմնի թիմակիցը կարծում է, որ գործող իշխանությունը կորցրել է վստահությունը։ «Խոստացել էին ապահովել արցախցիների անվտանգությունը, բայց հրաժարվեցին անգամ Արցախ բառից»,- իր ելույթում նշեց Մարությանը։
«Այս իշխանությունն այևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը: նիկոլ Փաշինյանը և նրա թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան», - ընդգծեց նա:
Իսկ իշխանության ձգտող նոր ուժն ի՞նչ առաջարկ ունի ընտրողներին, որ տարբերվում է Փաշինյանի լուծումներից։ Օրինակ՝ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանազատման մասին ի՞նչ կարծիք ունի Հայաստանի ղեկավարի պաշտոնին ձգտող Մարությանը։
«Լուրջ ենք վերաբերում մեր խոսքերին, քանի որ մենք ընդդիմություն ենք, մենք հենց այնպես բառեր չենք ասելու՝ գիտե՞ք, մենք կգանք էս կանենք, էն կանենք: Հստակ պատասխան տալու համար իրոք պետք է իմանալ բանակցությունների բոլոր մանրամասնությունները, ինչ է խոսում երկրի վարչապետն այլ երկրների ղեկավարների հետ, ինչ են քննարկում, ինչ խոստումներ է տվել, որը հիմա ստիպված կատարում է», - պատասխանեց «Նոր ուժ»-ի ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումՀայկ Մարությանն ասում է՝ քանի դեռ չի տիրապետում բանակցային բովանդակությանը, մանրամասներին, չի կարող կոնկրետ լուծումներ առաջարկել։ Այսինքն, ստացվում է մինչև իշխանություն չունենա, չգիտի Հայաստանն իր ձևակերպած ճգնաժամային վիճակից դուրս բերելու ավելի արդյունավետ ելք կա՞, թե՝ ոչ։
Իշխանափոխության ձգտող ուժի ղեկավարն ու թիմակիցները պատրաստվո՞ւմ են մեկնել Տավուշ։ Հանդիպել բնակիչներին, որոնք տագնապներ ունեն, որ կառավարության սկսած սահմանազատումը նոր վտանգներ կբերի իրենց գյուղեր։
«էսօր բոլորը հիշել են Տավուշը, իրենք, որ գնում են էնտեղ և մասնակցում են, չգիտեմ՝ օգուտ են տալիս, թե վնաս են տալիս։ Ես գնահատում եմ, որ մեր անելիքն այստեղ է այսօր, մեր Տավուշը այստեղ է, այս դահլիճում է», - ասաց Մարությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վարչապետն էնպիսի բաներ է ասում, որ մղձավանջային երազում չէինք պատկերացնի»Հայկ Մարությանն ու թիմակիցները ակտիվ կպայքարեն երևանյան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Օգոստոսի վերջին կսկսեն, որ սեպտեմբերից սպասվող թանկացման ծրագիրը տապալեն. - «Վստահաբար մենք այդ պրոցեսն այնպես կտանենք, որ իրենք չեն կարողանա բարձրացնել, բայց եթե ժողովուրդը հաշտ է այս որոշման հետ, ինչ ուզում ես արա, դա կարող է տեղի չունենալ»:
«Նոր ուժ»-ը սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է, արևմտյան արժեքների կողմնակից են։ Արտաքին հովանավորներ չունեն, շեշտում է Երևանի նախկին քաղաքապետը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախկին թիմակցի այսօրվա հայտարարություններին չեն արձագանքել։ Մեր զանգերին էլ չպատասխանեցին։ Մարությանի՝ քաղաքական նպատակների մասին ավելի վաղ պատգմավորներ Արսեն Թորոսյանն ու Արփի Դավոյանն «Ազատության» հետ զրույցում ասել էին, թե խնդիր չեն տեսնում։ Նրա իրավունքն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանցիներն արձագանքում են տրանսպորտի սակագների փոփոխությանը