Երևանցիներն արձագանքում են տրանսպորտի սակագների փոփոխությանը.
«Մի տեղից պետք ա էդ գումարը վաստակե՞ն, որ վերադարձնեն...»:
«Ընդամենը ավտոբուս ա, ինքնաթիռ չի, էլի...»:
Չնայած ընդդիմադիր երկու խմբակցությունները երեկ բոյկոտեցին ավագանու նիստը, բայց «Հանրային ձայն»-ի աջակցությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծն ընդունվեց։
Երեք փաթեթ է առաջարկվում.
8,800 դրամ կարժենա 30 օրվանը, 23,600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։
Իշխանականները հավաստիացնում են՝ եթե քաղաքացին մեկ ամսվա փաթեթը գնի ու օրվա ընթացքում չորս անգամ օգտվի տրանսպորտից, ապա ներկայիս 100 դրամից էլ քիչ կվճարի:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ օրական ու շաբաթական փաթեթների գներն են 100 դրամից բարձր լինելու, իսկ մշտական օգտվողների համար սա թանկացում չէ. - «Անընդհատ ասում ենք՝ թանկացում, թանկացում, թանկացում, բայց մի փոքր էլ եկեք հասկանանք՝ էն մարդիկ, ովքեր որ իրապես հաճախակի են օգտվում տրանսպորտից, ասենք՝ գնում են մի հատ դասի, մի հատ էլ պարապմունքի, օրինակ, օրը չորս անգամ մարդը տրանսպորտից [օգտվում է], առանց սահմանափակման, այսինքն՝ 8,800 դրամով դու օգտվում ես ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից ներառյալ՝ առանց սահմանափակման: Նոր փաթեթները ավելի ձեռնտու են, քան՝ նախորդ 100 դրամը»:
Ընդդիմությունը մի քանի անգամ ցածր գներ է առաջարկում փաթեթների համար՝ առաջարկելով ուժի մեջ թողնել նաև այլընտրանքային 100 դրամը, մի առաջարկ էլ կա՝ սուբսիդավորել ավելացված ծախսը՝ անփոփոխ թողնելով այսօրվա գները: Իշխանությունը ոչ իրատեսական է համարում այս առաջարկը: Ընդդիմությունն արձագանքում է՝ իրենց առաջարկը ժողովրդին հարմար տարբերակն է։
Նախագծի հեղինակները խոստանում են, որ դպրոցականները, ուսանողները, թոշակառուներն ու մի շարք այլ խմբեր զեղչեր կունենան։ Աշխատող թոշակառուները չեն օգտվելու արտոնություններից:
Կոնկրետ որ խումբն ինչ արտոնություն կունենա՝ դեռ պարզ չէ. այս փաթեթները մինչև սեպտեմբեր պետք է հստակեցնեն։ Իսկ առաջարկվող երկարաժամկետ փաթեթները կլինեն անվանական: Այսինքն՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է երթևեկել բացառապես իր քարտով: Սմարթֆոնով վճարելու դեպքում ավելի էժան կլինի տոմսը, քննարկվում են նաև բանկային քարտերը լիցքավորելու և մի քանի տարբերակ նույնպես:
Քաղաքային իշխանությունը խոստանում է՝ մինչև սեպտեմբերի 1-ը երթուղի դուրս կգա 8.6 մետրանոց 170 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս: Եթե մինչ այդ դրանք տեղ չհասնեն, որոշման իրագործումը կհետաձգվի: Այս պահին ավելի քան 800 նոր շարժակազմ է շահագործվում:
«Ո՞ր փաթեթից կօգտվեք», - «Ազատություն»-ը հարցրեց անցորդներին:
Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.