Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, նորընտիր մեջլիսում պնդում է Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում նորընտիր Միլի մեջլիսում, Բաքու, 23-ը սեպտեմբերի, 2024թ.

Ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում, հայտարարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե այդպիսի մտքերով ու երազանքներով են ապրում նաև գործող իշխանությունները։

Ալիևն այսօր ելույթ է ունեցել արտահերթ ընտրությունների արդյունքով ձևավորված խորհրդարանի առաջին նիստին։ Այս օգոստոսին ստորագրված հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հենց այս գումարման Միլի մեջլիսը պետք է վավերացնի։

Հայկական կողմին ուղղված մեղադրանքներից մինչև Ղարաբաղում ներդրումային ծրագրեր, Ադրբեջանի նախագահն այսօր մի շարք թեմաներից խոսեց՝ հայտարարելով՝ Բաքվի թիվ մեկը խնդիրը իրենց ռազմական հզորացման մեծացումն է: Ըստ Ալիևի՝ «Հայաստանի ռևանշիստական միտումներն» են իրենց ստիպում ոլորտը մշտապես ուշադրության տակ պահել․

«Թեև բառերով այլ բաներ են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»:

Երևանի ռազմական գնումները պարբերաբար քննադատող Ադրբեջանի նախագահը բաց տեքստով ասել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրենք զգալիորեն ավելացրել են իրենց ռազմական ներուժը, ապա առանց անուններ տալու հավելել՝ Հայաստանն ու Հայաստանի հետևում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանա՝ իրենց հետ շանտաժի ու վերջնագրերի լեզվով անհնար է խոսել։

«Բայց եթե մենք քիչ ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող ենք խնդիրների առաջ կանգնել», - ասել է Ալիևը։

Սեփական կարողություններն ընդլայնելու անթաքույց հայտարարությանը զուգահեռ, Ալիևն այսօր էլ է քննադատել ռազմական ոլորտում Երևանի քայլերը՝ մեղադրելով, թե Հայաստանը ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել․

«Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միևնույն ժամանակ զորավարժություններ անցկացնում այլ երկրների՝ ընդ որում գերտերությունների հետ։ Այսինքն, որոշ արևմտյան երկրների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու պլաններն ավելի քան ակնհայտ են»:

Բաքվի հաճախակի դարձած այս մեղադրանքներին Երևանում արձագանքում են՝ Ադրբեջանը նույնպես զինվում է, ու հիշեցնում՝ հայկական կողմն առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնել, առաջարկին, սակայն, Ադրբեջանը չի արձագանքել։

Ադրբեջանի 2024 թվականի ռազմական բյուջեն ավելի քան երկուսուկես անգամ գերազանցում է Հայաստանի պաշտպանական ծախսերը: Իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել այս թեմայից:

«Ասում են, որ Եվրամիությունը, Արևմուտքը զինում է Հայաստանին: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սերբիայից, Ադրբեջանը զենք է ձեռք բերում Բուլղարիայից: Եվրամիության երեք անդամ երկրներ, առնվազն երեք երկրներ, ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից, Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Պակիստանից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Հա, մենք ամեն օր էդ տվյալների մասին չենք բարձրաձայնում, բայց մենք էդ բոլոր տվյալները գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհներով», - հայտարարել էր Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր չվերթ Բաքվից՝ Իսրայելի ռազմական օդանավակայան. Ադրբեջանը շարունակ զինվում է, բայց դրանում մեղադրում է ԵրևանինՍահմանային միջադեպերի, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու «առաջարկներն ուժի մեջ են»

Երևանի առաջարկը՝ «պարզունակ ու ոչ ադեկվատ քայլ»

Ադրբեջանի նախագահն այսօր նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել՝ Երևանին մեղադրելով այն արհեստականորեն ձգձգելու համար։

Ալիևի խոսքով՝ կողմերը մինչ այս խաղաղության պայմանագրի 10 տարբերակ են փոխանակել, Հայաստանի վերջին առաջարկին իրենք 70 օր սպասել են։

Պաշտոնական Երևանն առաջարկում է ստորագրել պայմանագիրը ամբողջությամբ համաձայնեցված 13 և մասամբ համաձայնեցված 3 հոդվածներով։ Բաքուն դեմ է, ասում են՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։

Այսօր Ալիևը Երևանի առաջարկը «պարզունակ ու ոչ ադեկվատ քայլ» է որակել ու պնդել՝ Հայաստանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել։ Ալիևը չի հստակեցրել՝ արդյոք Բաքուն արդեն Երևան ուղարկել է խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն չկա. Երևանն առաջարկում է ստորագրել, Բաքուն՝ մերժումՀայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. Փաշինյան