Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր մեկնել են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Հայաստանի ԱԳՆ-ից փոխանցում են, որ նախարարը հանդես է գալու ելույթներով, հանդիպելու է տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Թե արդյոք նախատեսված են հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, չի նշվում։ Բաքուն ևս այս մասին որևէ բան չի հայտնել, միայն հաղորդել է, որ Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ-ում մասնակցելու է մի շարք միջազգային միջոցառումների, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու օտարերկրյա պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
Շաբաթվա սկզբին Վաշինգտոնը հայ - ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։ Առիթն էլ կարող էր դառնալ հենց այս նիստը։ ԱՄՆ հայտարարությանը նախորդել էին մեկ շաբաթվա մեջ Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վերջին անգամ արտգործնախարարները բանակցել են ամերիկյան հարթակում՝ հուլիսի սկզբին։
Արարատ Միրզոյանի նյույորքյան հանդիպումների ժամանակ քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային բնույթի հրատապ խնդիրների վրա, հավելել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Այսօր Միացյալ Նահանգներ է մեկնել նաև Հայաստանի վարչապետը։ Նա հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են նաև տարբեր երկրների գործընկերների հետ հանդիպումներ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Ադրբեջանի նախագահի մասնակցության մասին չի հաղորդվել։ Հայտնի է, որ Իրանի և Թուրքիայի նախագահներն են մասնակցելու նիստին։