Մատչելիության հղումներ

Սահմանային միջադեպերի, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու «առաջարկներն ուժի մեջ են»


Սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու հայկական կողմի առաջարկները դեռ ուժի մեջ են, այսօր Կիպրոսում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Այդ առաջարկների վերաբերյալ պատասխաններ Ադրբեջանից դեռ չկան։

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսին Միրզոյանը շեշտել է, որ Երևանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։

«Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը», - ասել է նախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պետք է օգտագործեն ներկա պատմական պահը «թշնամության էջը փակելու» և «կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»:

  • Հրադադարի խախտումների մասին Բաքվի մեղադրանքների ֆոնին էր վարչապետ Փաշինյանը հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկը արել Բաքվին։ Այդ առաջարկը ողջունել էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։
  • Սա նոր բան չէ, տարբեր ժամանակներում նման մեխանիզմ ստեղծելու հայտարարություններ էլի են եղել, մինչև 44-օրյա պատերազմը ԵԱՀԿ ՄԽ-ի, ՄԱԿ-ի ԱԽ կողմից, պատերազմից հետո էլ Հայաստանի ԱԱԾ-ից է առաջարկ հնչել, Փաշինյանը նաև ՊՆ-ին էր հանձնարարել ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը։ Արդյոք այդ ուղիղ կապը օգտագործվել է, թե ոչ՝ կողմերը հրապարակային այս մասին չեն խոսել։
  • Իսկ սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու առաջարկ վարչապետն արել էր հունվարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG