«Ահաբեկչությունը չեմ արդարացրել, ուղղակի մարդկանց բերանը փակում են». Ուկրաինային աջակցող ռուսաստանցին ապաստանել է Երևանում

Ռոման Շկլովերը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2024թ.

«Ես ենթադրում էի, որ վաղ թե ուշ հետախուզում կհայտարարեն, բայց չէի կռահում, որ դա երեկ կլինի։ Զանգահարեցին, ես էլ չփորձեցի փախչել». - Բառնաուլից ավելի քան 3 հազար կիլոմետր հեռու՝ Երևանում ապաստանած ռուս խոհարարը դեռ հայրենիքում գիտեր, որ իրավապահների թիրախում է։ Կզարմանար, եթե իրեն հանգիստ թողնեին Youtube-ի անձնական ալիքում ու այլ սոցցանցերում Ռուսաստանի իշխանություններին քննադատելուց, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտելուց հետո։

Երեկ Ռոման Շկլովերին Երևանում Ռուսաստանի պահանջով ձերբակալել, ապա մի քանի ժամ անց ազատ էին արձակել:

«Եթե անկեղծ՝ ես աջակցել եմ Ուկրաինային, հիմա էլ եմ աջակցում ու շարունակելու եմ աջակցել, որովհետև դա է իմ դիրքորոշումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա: - «VKontakte-ում մեկնաբանություն թողեցի, մեկին էի պատասխանում՝ գրել էր, որ ուկրաինացիներին պետք է մորթել, ռմբակոծել։ Գուցե հենց ոստիկաններն են հրահրում` իրենք հրահրում են, իրենք էլ գործեր հարուցում։ Ես էլ էմոցիոնալ եմ, պատասխանեցի, թե ուկրաինացիներին չպետք է ռմբակոծել, այլ՝ հենց ձեզ»:

34-ամյա Շկլովերն ամիսներ առաջ հայրենիքում դատարանով էր անցել, մի քանի օրով ազատազրկվել, տուգանվել պատերազմը դատապարտող հայտարարությունների համար։ Որ նորից չանցներ այս ամենի միջով ու արդեն մի քանի տարով բանտ չընկներ, փակել է յութուբյան ալիքը, հայրենի Բառնաուլում թողել մորը, քրոջը, գործն ու տեղափոխվել Երևան։

«Յութուբյան ալիք ունեի, ամեն ինչ սկսվեց դրանից։ Քաղաքի խնդիրներն էի ցույց տալիս, կարծիքս էի հայտնում», - նշեց Ռոման Շկլովերը:

Երեկ ռուս տղամարդուն հայաստանցի իրավապահները տեղեկացրել են, որ հետախուզվում է, իր դեմ քրեական գործ կա ահաբեկչության հրապարակային արդարացման կամ քարոզչության հոդվածով։

«205-ի 2-րդ մաս՝ ահաբեկչության արդարացում: Ես ահաբեկչությունը չեմ արդարացրել, ուղղակի մարդկանց բերանը փակում են», - ընդգծեց նա:

Շկլովերը դեռ երեք ամիս առաջ, երբ նոր էր եկել Հայաստան, կռահելով գլխին գալիքը, այցելել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, թողել իր հեռախոսահամարը, որ կարիքի դեպքում աջակցություն ստանա։

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծեց՝ Շկլովերը մեղադրվում է մի հոդվածով, որ Ռուսաստանում կիրառում են քաղաքական այլախոհների նկատմամբ։ Հաշվի առնելով տղամարդու քաղաքական հայացքները՝ իրավապաշտպանն անթույլատրելի է համարում Շկլովերի հնարավոր արտահանձնումը։

Դատախազությունն առայժմ չի բացատրում՝ ինչ հիմքով է ազատ արձակել Շկլովերին, ում Ռուսաստանը կալանավորելու որոշում ունի։ Պարզ չէ նաև՝ արդյոք Մոսկվան արտահանձնման պահանջ է ներկայացրել Երևանին։

«Պետք է նաև լինի վստահություն, որ կոնկրետ անձի նկատմամբ իր արտահանձնվող երկրում, իր քաղաքացիության պետությունում, չեն լինելու ռիսկերը, կոնկրետ անձի նկատմամբ, ռիսկերը՝ խոշտանգման ենթարկելու, կամ արտադատական մահապատժի ենթարկելու, կամ կյանքի իրավունքի հետ կապված ռիսկերը բացակայում են», - նշեց Սաքունցը:

Ռոման Շկլովերը Հայաստանում իրեն ավելի ապահով է զգում, հասցրել է սիրել Երևանն ու մարդկանց, որոնք օգնել են մասնագիտությամբ աշխատանք գտնել։ Երեկ, երբ մի քանի ժամով ձերբակալվել էր, հասցրել է համեմատել ռուս ու հայաստանցի իրավապահներին. - «Ձերբակալման վայրում ամեն ինչ լավ էր, հայ ուժայինների մասին վատ բան չեմ կարող ասել, իրենց հաշվին անգամ ինձ կերակրեցին՝ հոթդոգ ու թան հյուրասիրեցին»։