Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախօրեին ձերբակալված Ռուսաստանի 25-ամյա քաղաքացին, որը հետախուզվում էր հայրենիքում, երեկ երեկոյան ազատ է արձակվել, «Ազատության»-ը հայտնեց իրավապաշտպան Անի Չատինյանը: Թե ինչ հիմքով՝ դեռ պարզ չէ:
«Երեկ, երբ մեր փաստաբանը գնացել է վարույթն իրականացնող մարմին, որպեսզի ներգրավվելու հարցը կարգավորի, տեղեկացել է, որ ազատ է արձակվել: Հիմա պետք է կապվենք հասկանանք՝ ինչ հիմքով, փաստաթղթեր ինչ կան, դրանից հետո կազմակերպենք», - նշեց Չատինյանը:
Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայից այժմ փորձում են գտնել արդեն ազատության մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացուն և պաշտպանություն առաջարկել: Հայաստանի իրավապահները, մասնավորապես Գլխավոր դատախազությունը պաշտոնական տեղեկություն դեռ չեն հաղորդում, առաջարկում են հարցերին գրավոր պատասխանել։
Իվան անունով Ռուսաստանի քաղաքացին հուլիսի 15-ի գիշերը բերման էր ենթարկվել Երևանի օդանավակայանից, ուր ժամանել էր Ղազախստանի Ակտաու քաղաքից: Ռուսաստանի իրավապահները նրան հետախուզում են անցյալ տարվա ապրիլից՝ զորամասը կամ ծառայության վայրը լքելու հոդվածով, խափանման միջոցը հայրենիքում կալանքն էր, բայց հստակ չէ՝ արդյոք զինվորականը հրաժարվել է ռազմաճակատ մեկնելուց։ Վերլուծելով երկու տարվա տվյալները՝ իրավապաշտպանը սա չի բացառում:
«Մինչև պատերազմն այդպիսի հոսք չկար քաղաքացիների, որ այդ մեծ ծավալով այդքան խուսափեին կամ գային Հայաստան: Կամ գուցե կար, բայց այդքան արտահայտված չէր ու դրա մասին մենք շատ տեղեկություն չունեինք, բայց պատերազմից հետո ակնհայտ նմանատիպ հոդվածներով խուսափողները բավականին շատ են», - նշեց Չատինյանը:
Ռուսական աղբյուրների համաձայն՝ Իվանը զորամասը լքել է 2022 թվականին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի առաջին տարում։ Ռուսաստանում նույն տարում խստացվել է ռազմական գործողությունների կամ մոբիլիզացիայի ժամանակ ծառայության վայրը լքելու քրեական պատիժը։
Հայաստանի ոստիկանությունը երեկ հայտնել էր՝ 25-ամյա երիտասարդի ձերբակալման մասին տեղեկացրել են հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Իրավապաշտպան Անի Չատինյանն ասում է՝ սովորաբար այս հոդվածներով հետախուզվողներին արտահանձնելու դիմումներ չեն լինում, սակայն կարող է, այս դեպքում, օրինակ, ռուսական կողմը դիմել տվյալ անձին արտահանձնելու հարցով, Հայաստանի իրավասու կառույցներն էլ քննարկեն և որոշում կայացնեն:
«Մեր գործունեության շրջանակներում նմանատիպ հոդվածների շրջանակներում դեռ որևէ անգամ չի եղել արտահանձնում Ռուսաստանին: Արտահանձնման պահանջ Ռուսաստանը չի ներկայացրել: Ունեցել ենք դեպքեր տնտեսական հանցագործությունների մասով, որ ներկայացվել են միջնորդություններ, բայց կոնկրետ զինվորական հանցագործությունների, որոնց հիմքում քաղաքական հետապնդումն է, մեծ մասամբ շատ քիչ թիվ է կազմում», - ասաց իրավապաշտպանը:
Անցած տարի ռուսաստանցի ռազմական ոստիկանները Գյումրիում ձերբակալել, ապա ռուսական բանտ էին տեղափոխել Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սեդրակովին։
Մինչ հայաստանյան իրավապաշտպանները ահազանգում էին, որ ռազմաբազայի ոստիկանները իրավունք չունեին Հայաստանի տարածքում մարդ ձերբակալել ու արտահանձնել նրան, ՀՀ դատախազությունը ուսումնասիրեց ու այդպես էլ ընթացք չտվեց տեղի ունեցածին։