Հայաստանն առաջիկա մեկ ամսում բաց կթողնի ՀԱՊԿ-ի միանգամից երկու զորավարժություն

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները, արխիվ

ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցրած Հայաստանն առաջիկա մեկ ամսում բաց կթողնի դաշինքի միանգամից երկու զորավարժություն: Նախ՝ օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում սպասվող «Կոբալտ-2024»-ը, ապա սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ղրղըզստանում կայանալիք «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Երկու դեպքում էլ տեղեկությունը հայտնել են ՀԱՊԿ-ից: Հայաստանի իրավասու գերատեսչություններից որևէ արձագանք չկա:

Զորավարժություններին, նաև ՀԱՊԿ այլ միջոցառումներին չմասնակցելով՝ Երևանը շարունակում է ձեռքում պահել խաղաքարտ Արևմուտքի հետ հարաբերություններում, կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Հայաստանը հիմա փորձում է առկա այս փլուզվածության պայմաններում՝ միջազգային, ռեգիոնալ անվտանգության համակարգերի փլուզվածության պայմաններում ռուսական ճարտարապետության անկենսունակության և անաշխատունակության պայմաններում պատասխանատվության դաշտ հնարավորինս բերել Արևմուտքին: Ընդ որում՝ Արևմուտքը նաև դիմադրում է սրան, հենց դրա համար նաև Երևանը փորձում է հնարավորինս շատ խաղաքարտեր դնել այդ սեղանին ու ակնկալել դրանց դիմաց որոշակի պատասխանատվության անվտանգային պաշտպանական տարբեր հարցերում», - ասաց Բադալյանը

Ռուսաստանում հաջորդ շաբաթ սպասվող զորավարժությունները կանցկացվեն Ռոսգվարդիայի ուսումնական կենտրոնում, որին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները, իսկ նպատակն, ըստ հաղորդագրության, հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է։

Նույն կազմով սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղըզստանում սպասվող «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմշակվեն մարտական գործողությունների նոր մարտավարական հնարքների և փորձի ներդրման հետ կապված խնդիրներ: Թե վերջին երկու տարում Հայաստանը ՀԱՊԿ քանի զորավարժություն է բաց թողել, Պաշտպանության նախարարությունից առաջարկեցին գրավոր պատասխանել:

Ավելի քան երեք տասնամյակ ռազմական այս դաշինքի անդամ Երևանը 2022-ի ադրբեջանական հարձակումից հետո՝ դե ֆակտո խզել է հարաբերությունները։

«Մենք սառեցրել ենք մոր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

Այս ընթացքում զորավարժություններից բացի նաև կառույցի նիստերն են անցնում հայաստանցի պաշտոնյաների բացակայության պայմաններում։ Եվ եթե սկզբնական շրջանում Երևանն առնվազն հրապարակային մակարդակում փորձում էր որոշումները որևէ կերպ հիմնավորել, այժմ արդեն ամենաբարձր մակարդակով ուղիղ ասվում է՝ այդ կառույց վերադարձ չի լինելու, բայց այն դե յուրե լքելու ժամկետների մասին ոչ մի խոսք:

«Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները պարզվեց ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ գնացել Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը, այ դրանք են մեղավորը: Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում, մենք կորոշենք երբ դուրս գանք, ասում ենք, պակա՞ս է եղել էդ ասելիքի, կորոշենք: Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բայ կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Երեք ամիս առաջ էլ Արտգործնախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Բայց դաշինքից միևնույն է ընդգծել էին, թե 2025-ի բյուջեն կհաշվարկվի և 10 տոկոսը կփոխանցվի Հայաստանին, իսկ Երևանը կվճարի, թե՝ ոչ, սա, ըստ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի, երկրի ղեկավարության քաղաքական կամքն է։ Երևանից, սակայն, չեն արձագանքել:

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հանգուցալուծումը ուղիղ կապ կունենա աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետո։

«Այս լայն պրոցեսներն են, որ թույլ են տալու հասկանալ, թե ՀԱՊԿ-ը որքանով է շարունակելու կենսունակ, արդիական, պահանջված, իմաստավորված լինել նոր աշխարհակարգում: Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունը խոշոր հաշվով ենթակա է լինելու ահա այս գլոբալ պրոցեսներին ու միայն դրանց արդյունքում տեսանելի, ուրվագծելի կլինի, թե այդ հարաբերությունն ուր կգնա», - նշեց Հակոբ Բադալյանը:

Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է և եթե ՀԱՊԿ-ի դեպքում հայաստանցի պաշտոնյաները չեն վարանում պարբերաբար ակնարկել այն լքելու մասին, ապա տնտեսական միությունից դուրս գալը հենց իշխանության ներկայացուցիչներն են գնահատում ռիսկային: