Մատչելիության հղումներ

Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, հունիսի 12, 2024թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, հունիսի 12, 2024թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին պատասխանելով՝ նա խոսեց Ռուսաստանի առաջնորդած կառույցի մասին՝ շեշտելով՝ իրենք կորոշեն երբ դուրս գալ այդ դաշինքից։

«Մեղավորը նրանք ենք , ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը», - ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, որ այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեն գալիս այդ դաշինքից, Փաշինյանը հակադարձեց. - «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում... մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։

Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նաև հարցրեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը իրեն հարց տվե՞լ է՝ եթե չլիներ իշխանության, ի՞նչ վիճակում կլինեին Հայաստանն ու Արցախը։ Փաշինյանն ասաց՝ այո և շարունակեց. - «Կլիներ ամեն ինչը նույնը, մի տարբերությամբ, որ Հայաստանը կլիներ գուբեռնիա 100 տոկոսով»։

  • Հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել առավելապես վերջին երկու տարիներին, երբ Հայաստանը սեպտեմբերյան դեպքերից հետո դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ու այդպես էլ չստացավ ակնկալվող օգնությունը։ Չնայած Երևանի հետևողական պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։
  • Այս տարի արդեն վարչապետ Փաշինյանը հայտարարեց դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցնելու մասին։
  • Մայիսի սկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

XS
SM
MD
LG