Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել, այսօր Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այդ կերպ բացատրելով ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելը, բացառապես անդրադառնալով Ղարաբաղի դեմ հարձակմանը և անտեսելով 2020-ից հետո Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ։
«Այն, ինչ տեղի է ունեցել, ՀԱՊԿ-ի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել։ ՀԱՊԿ-ը կոչված է երկրներն արտաքի՛ն ագրեսիայից պաշտպանելու։ Սակայն Հայաստանը Ղարաբաղի անկախությունը չէր ճանաչել, առավել ևս՝ Ղարաբաղն իր երկրի տարածքում չէր ներառել, ու հետևաբար հավակնությունները, որ ՀԱՊԿ-ը պետք է այդ անկլավի տարածքում կռվեր, տարօրինակ են», - ասել է Պուտինը՝ հավելելով. - «Բայց ամեն դեպքում դա շատ զգայուն հարց է, կողքից ավելի հեշտ է գնահատականներ տալը, իսկ ներսում միշտ ամեն ինչ ավելի բարդ է»:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում առանց Հայաստանի մասնակցության ՀԱՊԿ գագաթնաժողովն է ընթանում,
Հայաստանն արդեն տևական ժամանակ չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքներին, հայտարարել է, որ սառեցրել է իր մասնակցությունը՝ այդ կերպ իր վերաբերմունքը հայտնելով ադրբեջանական հարձակումների և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ժամանակ այդ կազմակերպության լռության ու անգործության նկատմամբ։
Ռուսաստանի նախագահը, սակայն, կարծում է՝ դեռ հնարավորություն կա, որ Հայաստանը վերադառնա ամբողջական ֆորմատով աշխատանքին:
«Յուրաքանչյուր անդամ երկիր ինքն իր համար է որոշում՝ ինչն է իր ազգային շահերին համապատասխանում, մենք դրան հարգանքով կմոտենանք։ Բայց չէ՞ որ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, համենայն դեպս՝ դեռ չի հայտարարել, այլ միայն նշել է, որ ընդմիջում է վերցնում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը հավանություն է տալիս բոլոր փաստաթղթերին, որոնք ընդունվում են մեր այսօրվա հանդիպման և բանակցությունների ընթացքում։ Եթե դա այդպես է, ապա հնարավորություն կա, որ Հայաստանն ի վերջո կվերադառնա ՀԱՊԿ-ում ամբողջական ֆորմատով աշխատանքին, բայց էլի կրկնեմ՝ դա յուրաքանչյուր երկրի որոշումն է», - հայտարարել է Պուտինը:
Նա նաև վստահեցրել է, թե ՀԱՊԿ-ում փոխօգնության մասին կետը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, թե Ռուսաստանը բավարար ուժեր ունի ՀԱՊԿ դաշնակիցներին անհրաժեշտության դեպքում օգնելու համար, բայց այ ՀԱՊԿ գործըներները չեն կարող որևէ կերպ օգնել Ռուսաստանին իր տարածքում ամերիկյան հարվածների դեպքում, դա իրատեսական չէ։
Այդ թվում և «Օրեշնիկ»-ով կպատասխանեն արևտյան զինատեսակներով Ռուսաստանի տարածքի վրա հարվածներին
Ուշագրավ է նաև Ռուսաստանի նախագահի ելույթը, որի մեծ մասը նվիրված էր «Օրեշնիկ» գերձայնային նոր հրթիռին, որը Մոսկվան վերջերս կիրառեց Ուկրաինայի ուղղությամբ։ Պուտինը հայտարարել է, որ այդպիսի հրթիռները թեև միջուկային մարտագլխիկ չեն պարունակում, սակայն մի քանի հրթիռների խմբակային օգտագործման դեպքում դրա հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ։
Նա նշել է, որ իրենք այդ թվում և «Օրեշնիկ»-ով կպատասխանեն արևտյան զինատեսակներով Ռուսաստանի տարածքի վրա հարվածներին։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իրենք տասն անգամ ավելի շատ հրթիռներ են արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած, և որ Ռուսաստանում կան Արևմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող հեռահար հրթիռների ռուսական տարբերակները, իսկ «հաջորդ տարի հրթիռների արտադրությունն ավելանալու է ևս 25-30 տոկոսով»։
Ըստ Պուտինի՝ Թրամփի կյանքը հիմա էլ վտանգված է
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասով Վլադիմիր Պուտինն անհանգստություն է հայտնել, որ նրա կյանքը հիմա էլ վտանգված է՝ հաշվի առնելով նրա վրա նախընտրական շրջանում տեղի ունեցած մահափորձերը:
Ի դեպ, Պուտինը Ղազախստանում է պետական այցով։ Նրան օդանավակայանում բացի հատուկ արարողությունից դիմավորել են հսկայական պաստառով, որի վրա գրված էր՝ «Ձերդ Գերազանցություն, Ռուսաստանի Դաշնության պարոն նախագահ Վլադիմիր Պուտին, բարի գալուստ»:
Նրա ժամանումից առաջ կործանիչ ինքնաթիռները օդում ռուսական եռագույնն են ստացել, Ռուսաստանի դրոշներով են զարդարված նաև Աստանայի փողոցներն ու հրապարակները, անվտանգության խստացված ռեժիմ է, բայց այնուամենայնիվ միջադեպերից հնարավոր չի եղել խուսափել։
Ուկրաինական դրոշ՝ ռուսականի փոխարեն
Ղազախստանի մայրաքաղաքում Օպերային թատրոնի մոտ տեղադրված հսկայական էկրաններից մեկը Ռուսաստանի դրոշի փոխարեն ուկրաինական դրոշ է ցուցադրել։ Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ
«այժմ դիտարկվում են տեղի ունեցածի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ տեխնիկական խնդիրներն ու արտաքին հնարավոր ապօրինի միջամտությունը»։
Այժմ տարբեր հայտարարություններ են հնչում։
Ընկերությունը, որին պատկանում է էկրանը, հայտարարել է, որ խնդիրը մալուխներից մեկի կարճ միացումից է տեղի ունեցել, երբ ամենավերին սպիտակ գույնը չի միացել, իսկ կարմիրը երևացել է որպես դեղին։
Մինչդեռ Ղազախստանի պետական տեխնիկական ծառայությունը հայտարարել է, որ «ցուցադրված դրոշը կարճ ժամանակով փոխարինելու փաստը» հաքերային հարձակման արդյունք է։
Սա միակ քրեական գործը չէ։ Մի քանի ակտիվիստներ, որ Պուտինի այցի օրը դուրս են եկել Ղազախստանի և Ուկրաինայի դրոշներով, ինչպես նաև «Ձերդ գերազանցություն, գրողի ծոցը գնացեք Ղազախստանից» գրությամբ պաստառներով, անցնում են խուլիգանության հոդվածով։