Մատչելիության հղումներ

Թեժ մարտեր՝ Կուրսկի մարզում. Ռուսաստանը սաստկացնում է հարձակումները


Ուկաինական ուժերը վերջին երեք օրվա ընթացքում արևմտյան հեռահար զինատեսակներով երկու հարված են հասցրել Կուրսկի մարզին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարութունը` սպառնալով՝ պատրաստվում է պատասխան հարվածների։ Այլ մանրամասներ ռազմական գերատեսչությունը չի հայտնել։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, երբ Ուկրաինան առաջին անգամ ամերիկյան ու բրիտանական հթրռներով հարվածեց Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին, ռուսական կողմը գործի դրեց իր զինանոցի ամենաարդիական զենքերից մեկը՝ միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով թիրախավորելով Դնեպրը։ Ավելին, նախագահ Պուտինը սպառնաց՝ Մոսկվան պատրաստ է նոր հարվածների և ոչ միայն Ուկրաինայի ուղղությամբ։ Կրեմլի խոսնակն իր հերթին այսօր հորդորել է Արևմուտքին այս ապառնալիքներին լրջորեն մոտենալ։

Bloomberg-ը, հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին, գրում է, թե մի քանի շաբաթ առաջ Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել մի քանի տասնյակ Storm Shadow թևավոր հրթիռներ, որոնցով ուկրաինական բանակն անցած շաբաթ առաջին անգամ հարվածեց Ռուսաստանի տարածքին։ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները մինչ այս պահը հրաժարվում են հերքել կամ հաստատել այս տեղեկությունները։ Մինչդեռ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեկ առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան ATACMS հեռահար հրթիռները կիրառել Ռուսաստանի դեմ։

Մինչ Թամփի պաշտոնավարման մեկնարկը Պուտինը սաստկացնում է հարձակումները ռազմի դաշտում։ Ըստ Ուկրաինայի ԶՈւ-ի՝ միայն անցած գիշեր Ռուսաստանը 188 անօդաչու թռչող սարք և 4 «Իսկանդեր» հրթիռ է արձակել․ սա անօդաչուներով ամենազանգվածային հարձակումն էր պատերազմի մեկնարկից ի վեր։

Շարունակվում է նաև ռուսների առաջխաղացումը գետնի վրա․ Մոսկվան այսօր հայտարարել է, թե ևս մեկ գյուղ է գրավել Խարկովի մարզում։ Թեժ մարտեր են նաև Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում, որտեղ անցած օգոստոսին ուկրաինական բանակը անակնկալ ներխուժմամբ տասնյակ բնակավայրեր էր գրավել։

Ռուսական գրոհների ինտենսիվությունից պարզ է, որ նրանք շտապում են, «Ազատությանն» ասել է Ուկրաինայի ԶՈւ 47-րդ բրիգադի զինծառայող Օլեգ Չաուսը, հավելելով. - «Նրանք, չխնայելով իրենց զինծառայողներին, ուղղակի ուղարկում են նրանց մահվան»։

Ռուսական առաջխաղացման ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր կոչ է արել դաշնակիցներին առավել մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

«Մեծ յոթնյակի արտգործնախարարներն իրենց հերթին այսօր համատեղ հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով Իրանին և Հյուսիսային Կորեային դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։

XS
SM
MD
LG