Հայաստանի բացակայությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին, այդ թվում՝ Աստանայում վերջերս կայացած գագաթնաժողովին, վնասում է այդ երկրի հեղինակությանը, հայտարարել է ՀԱՊԿ անդամ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Կազմակերպության անդամներից մեկի միտումնավոր բացակայությունը, ես այդպես կասեի, միտումնավոր բացակայությունը Հայաստանի հեղինակությունը դրական չի դարձնում։ Բայց դա որևէ կերպ չի անդրադառնում ընդհանուր օրակարգի վրա», - Բելառուսի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ «Հայաստանի բացակայությունը նաև ՀԱՊԿ-ին է բնութագրում»Հայաստանը ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, վերջերս հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
Այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում դաշինքի իմիջին. Փաշինյան