Հարիս. «Ես գտա այդպիսի առաջնորդի, և դա Թիմ Ուոլսն է»

ԱՄՆ - Քամալա Հարիս և Թիմ Ուոլս, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա նահանգ, 6-ը օգոստոսի, 2024թ.

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ստանալով դեմոկրատների ձայների 99 տոկոսը և պաշտոնապես դառնալով 2024-ի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, երեկ հայտարարեց, որ խնդրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին լինել իր փոխնախագահի թենածուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածունՀարիսը հաստատեց Մինեսոտայի նահանգապետին փոխնախագահի թեկնածու ընտրելու լուրը

«Այն օրվանից, երբ ես հայտարարեցի իմ թեկնածության մասին, ձեռնամուխ եղա գտնելու այնպիսի մի գործընկերոջ, որ կարող է օգնել կառուցել ավելի պայծառ ապագա: Առաջնորդ, որը կօգնի միավորել մեր ազգը, առաջ տանել, պայքարել միջին խավի իրավունքների համար։ Հնարավորություն տալ ոչ թե առանձին խմբերին, այլ՝ բոլորին։ Այսպիսով, Փենսիլվանիա, ես այսօր այստեղ եմ, որովհետև ես գտա այդպիսի առաջնորդի, և դա Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսն է», - ասաց Հարիսը:

ԱՄՆ-ի բանակի Ազգային գվարդիայի վետերան, նախկին ուսուցիչ, ֆուտբոլի մարզիչ 60-ամյա Ուոլսը 2006 թվականին ընտրվել է կոնգրեսական և օրենսդիր մարմնում աշխատել 12 տարի՝ մինչև 2018 թվականին Մինեսոտայի նահանգապետ ընտրվելը: Նահանգապետի պաշտոնում դպրոցականների անվճար սննդի տրամադրումն է ապահովել, միջին խավի համար հարկերն է կրճատել, Մինեսոտայի աշխատողների համար ավելի երկար վճարովի արձակուրդ սահմանել։

«Օ, շնորհակալություն։ Շնորհակալություն, Ֆիլադելֆիա։ Շնորհակալություն, տիկին փոխնախագահ՝ վստահության համար, շնորհակալություն ուրախությունը վերադարձնելու համար», - հայտարարեց Ուոլսը:

Հանրապետական կուսակցության նախագահի թկենածու Դոնալդ Թրամփն արդեն հասցրել է իր Truth Social սոցիալական մեդիայի հարթակում մեկնաբանել այս ընտրությունը՝ գրելով, թե Հարիսն ու Ուոլսը «ամերիկյան պատմության մեջ ամենաարմատական ձախ զույգն է»։

Մեկ ամիս առաջ էր Թրամփը հայտարարել փոխնախագահի իր թեկնածուին՝ Օհայո նահանգի սենատոր 39-ամյա Ջեյմս Դեյվիդ Վենսին, որը դեմ է Ուկրաինային օգնության տրամադրմանը և հանդես է գալիս ամերիկյան այդ քաղաքականության կոշտ քննադատությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է հայտնի Թրամփի փոխնախագահի թեկնածու Վենսի, նրա հնարավոր քաղաքական ուղղության մասինԹրամփն առաջադրվել է նախագահի թեկնածու և փոխնախագահի թեկնածու է առաջադրել Ջեյմս Վենսին

Ամերիկյան համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջոզեֆ Քեմփբելի կարծիքով՝ հանրապետականների այս ընտրությունը պետք է մտահոգի Եվրոպային ու հատկապես Ուկրաինային, քանի որ Թրամփի ընտրվելու դեպքում արդեն պարզ է, որ Միացյալ Նահանգներն այլևս առաջնահերթություն չի համարելու Ուկրաինային օգնելը:

Ջորջթաունի համալսարանի մեկ այլ պատվավոր պրոֆեսոր, քաղաքագետ Հանս Նոելի կարծիքով՝ Քամալա Հարիսը փոխնախագահի այս ընտրությամբ մեծ հակադրություն է ստեղծում Թրամփի թեկնածուի նկատմամբ։

«Ինքը՝ Հարիսն էլ նախագահի մի փոքր ոչ տիպիկ թեկնածու է: Նա կին է, սպիտակամորթ չէ, և, հետևաբար, ցանկանում է բերել մեկին, ով ինչ-որ կերպ կհավասարակշռի իրավիճակը: Թեև փոխնախագահի ընտրությունը մեծ ազդեցություն չի թողնում ընտրությունների արդյունքի վրա, այդուհանդերձ, Ուոլսն ապահով ընտրություն էր դեմոկրատների համար, այսպես ասած՝ նավը շատ չի ճոճվի, և թերևս սա հենց այն էր, ինչ Հարիսը փնտրում էր։ Եվ ես կարծում եմ, որ Հարիսը նաև ցանկանում է հակադրել իր քարոզարշավը Թրամփի ընտրարշավին. մի տեսակ ուրախ, լավատեսական հայացք ապագային՝ ընդդեմ այն ամենի, ինչ հանրապետականներն են բերում՝ վախ, սարսափ, վտանգ ներգաղթից և այլ մտահոգություններ», - ասել է քաղաքագետը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նոելի խոսքով՝ այսպես Հարիսը նաև ասում է, որ ոչ թե պարզապես ցանկանում է ընտրվել, այլ ընդգծում է՝ քաղաքականությունը որ ուղղությամբ է տանելու։

Միսուրի նահանգի Սենթ Լյուիս համալսարանի սահմանադրական իրավունքի գծով դասախոս Ջոել Գոլդստեյնն էլ «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ուոլսի թեկածության վրա կենտրոնանալով՝ Հարիսը նաև ընդգծել է՝ իր կողքին է կյանքի հաջողակ փորձով մեկը։

«Այսպիսով, նահանգապետ Ուոլսի ընտրությունը կարծես հուշում է, որ Հարիսը բարձր է գնահատում մարդկանց, ովքեր կարող են խոսել տարբեր ռասաների, տարբեր խավերի ամերիկացիների հետ, և ովքեր իսկապես կարող են օգնել նրան հաղորդակցվել և ծառայել ամբողջ ազգին, այլ ոչ թե մի նեղ ընտրազանգվածի: Իհարկե, մարդկանց զգալի մասն ընտրությունը կատարում է նախագահի թեկնածուի օգտին, բայց չենք կարող ասել, թե փոխնախագահի ընտրությունը կարևոր հարցերից չէր։ Սա ևս խոսում է նախագահի թեկնածուի մասին՝ ինչպես է նա որոշումներ կայացնում, ինչն է իր համար արժեքավոր», - նշել է Գոլդստեյնը:

Չնայած փոխնախագահի թեկնածուի ընտրության հետ կապված սկզբնական ոգևորությանը, փոխնախագահները պաշտոնը ստանձնելուց հետո հազվադեպ են մամուլի վերնագրերում հայտնվում, իսկ եթե հայտնվում են, ապա որպես կանոն՝ ոչ լավ առիթով: Չնայած ԱՄՆ փոխնախագահը զբաղեցնում է երկրում երկրորդ ամենաբարձր պաշտոնը, նա պաշտոնական լայն լիազորություններ չունի:

Եթե փոխնախագահի լիազորություններն այդքան աննշան են, ինչո՞ւ են թեկնածուները համաձայնում ստանձնել այդ պաշտոնը: Ոմանք դա համարում են նախագահական պաշտոնի համար լավ հարթակ, փոխնախագահը նաև կարող է միանգամից աշխարհի գերտերության ղեկավարը դառնալ, եթե Սպիտակ տան ղեկավարն անգործունակ ճանաչվի, մահանա, հրաժարական տա կամ հանցանքների համար պաշտոնանկ արվի՝ մի բան, որը վերջին 61 տարիների ընթացքում պատահել է երկու անգամ: 1963 թվականին փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը ստանձնեց ԱՄՆ նախագահի պարտականությունները՝ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո, 1974-ին էլ փոխնախագահ Ջերալդ Ֆորդը Սպիտակ տուն մտավ, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց Ուոթերգեյթի սկանդալի պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ փոխնախագահների ազդեցության ոլորտը վերջին կես դարում ընդլայնվել է