ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը երեկ ներկայացրել է փոխնախագահի թեկնածուին, ում անունը իր անվան հետ միասին կհայտնվի նոյեմբերի 5-ի քվեաթերթիկների վրա: Ինչպես և ենթադրվում էր, փոխնախագահի թեկնածուն Օհայո նահանգի սենատոր Ջեյմս Դեվիդ Վենսն է, որը դեմ է Ուկրաինային օգնության տրամադրմանը և հանդես է գալիս ամերիկյան այդ քաղաքականության կոշտ քննադատությամբ։
Ինքը՝ Թրամփը իր վրա մահափորձից հետո առաջին անգամն էր հայտնվում հանրության առջև՝ ականջին դրված վիրակապով և կրկնեց այդ օրվա իր ժեստը՝ վեր բարձրացնելով բռունցքը:
Երեկ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում հանրապետականների համազգային ժողովն էր, որի ընթացքում Թրամփին նաև պաշտոնապես առաջադրեցին նախագահի թեկնածու: Դրանից առաջ էլ Թրամփը հայտարարել էր, որ փոխնախագահի պաշտոնում տեսնում է սենատոր Ջեյմս Դեվիդ Վենսին։
39-ամյա Վենսը մինչև 2022 թվականին Սենատում ընտրվելը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել: Նա 2016 թվականին ինքնակենսագրական գիրք է հրատարակել, որում պատմում է 90-ականներին գործարանների փակման պատճառով տնտեսական ծանր վիճակում հայտնված Օհայոյում իր աղքատ մանկության, ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայության և այդ ուժերի կազմում Իրաք մեկնելու մասին: Այս գրքի հիման վրա Միացյալ Նահանգներում 2020 թվականին նաև ֆիլմ է նկարահանվել:
Ռազմածովային ուժերում ծառայությունից հետո Վենսը ավարտել է Օհայոյի համալսարանի իրավաբանության բաժինը, աշխատել է տարբեր տեղերում՝ դատարանից մինչև Սիլիկոնյան հովտում ներդրումային ընկերություն, ապա վերադարձել է Օհայո և սկսել քաղաքական կարիերան:
Գրեթե հոլիվուդյան ֆիլմի նմանվող կենսագրությամբ երիտասարդ սենատորի թեկնածությունը դրական արձագանք է գտել հանրապետականների շրջանում և կարող է նաև մեծացնել Թրամփի կողմնակիցների թիվը «տատանվող» նահանգներում՝ Փենսիլվանիայում և Միչիգանում:
Վենսը հայտնի է որպես Ուկրաինային օգնելու քաղաքականության կոշտ քննադատ, ապրիլին նա հայտարարել էր, որ Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենսդրական փաթեթի ընդունման հարցում խնդիրը ոչ թե հանրապետականներն են, այլ մաթեմատիկան ու հաշվարկը. - «Ուկրաինան շատ ավելի շատ զինվորների կարիք ունի, քան կարող է հավաքագրել, նույնիսկ դաժան զորակոչի քաղաքականության դեպքում: Եվ նրան ավելի շատ տեխնիկա է անհրաժեշտ, քան կարող է տրամադրել Միացյալ Նահանգները», - գրել էր նա The New York Times-ում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները ի վիճակի չէ արտադրել այն քանակի զենք, որն Ուկրաինային անհրաժեշտ է պատերազմում հաղթելու համար, և հենց այդ իրողությունները պետք է որոշեն Ուկրաինայի հարցում ապագա քաղաքականությանը՝ հետագա օգնությունից մինչև քաղաքական հարաբերություններ:
Ըստ Ամերիկյան համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջոզեֆ Քեմփբելլի՝ հանրապետականների այս ընտրությունը պետք է մտահոգի Եվրոպային ու հատկապես Ուկրաինային, քանի որ Թրամփի ընտրվելու դեպքում արդեն պարզ է, որ Միացյալ Նահանգներն այլևս առաջնահերթություն չի համարելու Ուկրաինային օգնելը:
«Կարծում եմ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պիտի որ շատ անհանգստացած լինի այս ընտրությամբ։ Վենսը Ուկրաինային օգնությունը շարունակելու կողմնակիցներից չէ. ու դա պետք է որ մտահոգի, քանի որ ցույց է տալիս, թե իրականում ինչ քաղաքականություն կվարի Թրամփը, եթե նախագահ դառնա: Ամերիկացիները, կարծում եմ, սկսում են ավելի անհամբեր դառնալ Ուկրաինայի պատերազմի հարցով, այն արդեն ավելի քան երկու տարի է՝ շարունակվում է և հասել է մի կետի, երբ մարդիկ սկսում են մտածել՝ ինչի՞ համար ենք մենք ծախսում այս գումարները և ի՞նչ ենք ստանում դրա դիմաց», - նշել է նա։
Ինքը՝ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ հայտարարել է, որ ընտրվելու դեպքում անմիջապես կկանգնեցնի պատերազմն Ուկրաինայում, առանց մանրամասնելու, թե ինչպես և ինչ միջոցներով: Ակնկալվում է, որ հանրապետականների հավաքին Թրամփը ելույթ կունենա այս շաբաթ ավելի ուշ և կարևոր հայտարարություններ կանի այդ ելույթի ժամանակ:
Դեմոկրատները իրենց համագումարը պետք է անցկացնեն միայն հաջորդ ամիս՝ օգոստոսին, Չիկագոյում, որի ընթացքում էլ ենթադրվում է, որ պետք է պաշտոնապես հայտարարեն իրենց թեկնածուին: Սակայն, նահանգներից մեկի՝ Օհայոյի օրենսդրությունը պահանջում է ավելի շուտ գրանցել թեկնածությունները, ուստի դեմոկրատները վերջնականապես իրենց թեկնածուին կորոշեն առցանց քվեարկությամբ հուլիսի վերջին, հայտնում է Reuters-ը:
Արդյոք դեմոկրատները կհաստատեն Բայդենին իր փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, թե հնարավոր է մինչ այդ նոր թեկնածու կգտնեն, դեռ հարց է: Դեմոկրատների ճամբարում Բայդենին փոխարինելու մասին խոսակցությունները չեն մարում։ Դրանք թեժացան Բայդենի և Թրամփի առաջին հեռուստատեսային բանավեճից հետո, երբ անգամ իր կուսակիցների կարծիքով՝ գործող նախագահը զգալիորեն զիջում էր Թրամփին: