«Հանգիստ չեմ առնի, մինչև չկառուցենք արդար, ուժեղ Ամերիկա». Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ

Թեև ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չեն ամփոփվել, բայց արդեն պարզ է՝ հաղթել է Դոնալդ Թրամփը։

Հանրապետական Թրամփն արդեն հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ընտրական ձայները, հաշվարկը դեռ շարունակվում է։ Հիմնական, այսպես կոչված տատանվող 7 նահանգներից առնվազն 4-ում հաղթել է Թրամփը, հենց այս նահանգների ձայնն էլ վճռորոշ եղավ․ Արիզոնայում, Միչիգանում և Նևադայում հաշվարկը շարունակվում է։

Քարոզարշավի վերջին փուլում թեկնածուները հենց այս հիմնական նահանգների վրա են կենտրոնացել։ 78-ամյա Թրամփը հաղթում է ոչ միայն ընտրիչների կոլեգիայում, այլև ամբողջ երկրում համաժողովրդական քվեարկությամբ։

AP-ի ներկայացրած վերջին թվերով Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել է ավելի քան 71 միլիոն քաղաքացի, դեմոկրատական Քամալա Հարիսը ավելի քան 66 միլիոն ձայն է ստացել:

«Սա խենթանալիք է, հանգիստ չեմ առնի, մինչև չկառուցենք արդար, ուժեղ Ամերիկա», - իր աջակիցների առջև ելույթ ունենալով՝ Դոնալդ Թրամփն այսպես արձագանքեց իր հաղթանակին:

«Սա քաղաքական հաղթանակ է, մեր երկիրը մինչ այս նման բան չէր տեսել, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին ձեր 45-րդ և 47-րդ նախագահը ընտրվելու համար։ Ես պայքարելու եմ ձեր ընտանիքների, ձեր ապագայի համար։ Սա Ամերիկայի ոսկե դարն է լինելու», - հավելել է նա:

Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների ֆոնին հաղթական ուղերձում Թրամփը հայտարարեց՝ կանգնեցնելու է պատերազմները:

Ելույթի ավարտին ԱՄՆ պատմության երկրորդ նախագահը, որը ընդմիջումով երկու անգամ կղեկավարի Սպիտակ տունը ամերիկացիներին միասնականության կոչ արեց․ «Անցած 4 տարիների տարաձայնությունները մի կողմ դնելու, միավորվելու ժամանակն է, մենք պետք է փորձենք»:

Նրա մրցակից Քամալա Հարիսը ընտրական օրվա ավարտին ելույթ չունեցավ, Հարիսի քարոզարշավի համանախագահ Սեդրիկ Ռիչմոնդը բեմ բարձրացավ․ «Այս երեկո փոխնախագահին չեք լսի, նրան կլսեք վաղը, նա ոչ միայն աջակիցներին, այլ նաև ժողովրդին կդիմի, շնորհակալություն, մենք հավատում ենք ձեզ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն

Թրամփն աշխարհի տարբեր կողմերից շնորհավորանքներ է ստանում

ԱՄՆ հաջորդ նախագահն աշխարհի տարբեր կողմերից շնորհավորանքներ է ստանում։ Իսրայելի վարչապետը Թրամփի հաղթանակը պատմության ամենամեծ վերադարձ է բնորոշել, Ֆրանսիայի նախագահը միասին աշխատելու պատրաստակամություն հայտնել:

«Աշխարհի համար շատ անհրաժեշտ հաղթանակ», - գրել է Հունգարիայի վարչապետը։

Եվրահանձնաժողովի նախագահը կիսվել է տրանսատլանտյան ուժեղ օրակարգ առաջ մղելու անկնալիքով։

«Սպասում եմ նրա հետ կրկին աշխատելու հնարավորությանը ՆԱՏՕ-ի ուժի միջոցով խաղաղությունն առաջ մղելու համար», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Թրամփին նաև Հայաստանի հարևաններն են շնորհավորել․ Ադրբեջանի նախագահը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման ու էներգետիկ ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին է գրել, Թուրքիայի նախագահը Թրամփին իր ընկեր է կոչել, Վրաստանի վարչապետի կարծիքով էլ Թրամփի կառավարումը կօգնի վերականգնել վրաց-ամերիկյան հարաբերությունները։

Թեհրան ու Մոսկվան ԱՄՆ հաջորդ նախագահին առայժմ չեն շնորհավորել։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում զուգահեռ նաև Կոնգրեսի երկու պալատների ընտրություններ են անցկացվում։ Արդեն պարզ է, որ վերին պալատում՝ Սենատում, հանրապետականները մեծամասնություն կկազմեն, պայքարը շարունակվում է նաև Ներկայացուցիչների տան մեծամասնության համար, հանրապետականները առջևում են։