Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Հանդիպմանը քննարկվել են Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության զարգացման հարցեր, մասնավորապես, շեշտը դրվել է նոյեմբերի 28-ին Աստանայում նախատեսվող ՀԱՊԿ նիստի նախապատրաստմանը, մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։
Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը։
Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուրգեն Արսենյանն «անցավ դեսպանի լիազորությունների լիարժեք կատարմանը»