Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, օրերս Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանն իր նոր պաշտոնում զսպվածություն է խոստանում։
Ֆեյսբուքում Արսենյանը, մասնավորապես, գրել է․ - «Գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները»:
Արսենյանը նաև տեղեկացրել է, որ դադարեցրել է իր հիմնած Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը:
Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով։ Նա օրեր առաջ վայր է դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։
Արսենյանն երեկ «Ազատության»-ն ասել էր, որ իր նշանակման շուրջ հիմա որևէ մեկնաբանություն չունի։
Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը, նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։
Նորանշանակ դեսպանը նախկինում դիվանագիտական ոլորտում չի եղել, Փաշինյանի թիմով պատգամավոր է դարձել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին։ Մինչև գործող իշխանությունը, խորհրդարանում էր Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Արսենյանը պատգամավոր է եղել նաև 2000-ականներին։ 90-ականներին՝ ՀՀԿ-ական։ 2002-ին հիմնադրել է իր կուսակցությունը։
Գուրգեն Արսենյանը գործարար է, ըստ «Հետք»-ի, մինչև անցած տարի Ռուսաստանում բիզնես ուներ։ 2023-ի հայտարարագրով՝ բաժնեմաս 8 ընկերությունում, որդին ընկերություններ ունի Միացյալ Նահանգներում ու Չեխիայում։