Ղազախստանում ինքնաթիռի վթարի վայրը նկարած բլոգերին 10 օրով ձերբակալել են

25-ը դեկտեմբերի, 2024թ․

Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման վայրը նկարահանած բլոգեր Ազամատ Սարսենբաևը 10 օրով ձերբակալվել է։ Այս մասին բլոգերը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

Ղազախստանը բլոգերին մեղադրում է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար։

Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը «դեպքի վայրում անօդաչու թռչող սարք է գործարկել՝ խոչընդոտներ ստեղծելով փրկարար ծառայությունների աշխատանքի և քննչական գործողությունների համար», ինչպես նաև «չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»։

Բլոգերը պատմել է, որ իր նկարահանած կադրերն օգտագործել են Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն և Le Monde-ը։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 25-ին Ղազախստանի տարածքում։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ դարձել է կործանման պատճառը։ Ինքնաթիռում 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է եղել։ Վերջին տվյալներով հաղորդվում է 38 զոհի, 29 վիրավորի մասին։ Բաքվում այսօր սգո օր է հայտարարված։

25-ը դեկտեմբերի, 2024թ․

Ինքնաթիռի «սև արկղերը» հայտնաբերվել են։ Բաքուն նշում է, որ հետաքննություն է ընթանում, «սև արկղերը» կվերծանվեն օրենքով սահմանված կարգով»։

Վթարից ժամեր անց շրջանառվեց նաև վարկած, թե օդանավը հնարավոր է խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։ Վարկածի համար հիմք է հանդիսացել տելեգրամյան ալիքներում հայտնված տեսանյութերը։

OSINT-ի փորձագետները չեն բացառել այս վարկածը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ Չեչնիայի մայրաքաղաքի վրա թանձր մառախուղի պատճառով Գրոզնիի օդնավակայանն ինքնաթիռը չի ընդունել՝ այն ուղղորդելով Մախաչկալայի այլընտրանքային օդանավակայան։ Սակայն նշվում է, որ ինքնաթիռի կուրսի փոփոխության իրական պատճառը կարող էր լինել անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

«Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները մինչև Embraer 190 ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության ավարտը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանի տարածքում կործանվել է Ադրբեջանից Չեչնիա ուղևորվող ինքնաթիռ. ինչ է հայտնի