Եվրոպացիները դանդաղ են արթնանում, դանդաղ արձագանքում․ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհ է Եվրոպայից

Եվրոպացիները դանդաղ են արթնանում, դանդաղ արձագանքում․ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհ է Եվրոպայից, կարծում է՝ Թբիլիսիի արևմտյան դաշնակիցները բավարար քայլեր չեն ձեռնարկում Վրաստանում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցում, որը վրաց պաշտոնյան 1921 թվականի իրադարձությունների հետ է համեմատում, երբ Կարմիր բանակը մտավ Թբիլիսի։

Տեղի ունեցածը կրկնվում է, Ռուսաստանը հիշում է՝ ով տիրացավ Թբիլիսիին, կտիրանա նաև Կովկասին, Եվրախորհրդարանում այսօր հայտարարեց Զուրաբիշվիլին՝ Արևմուտքին հորդորելով գործել։

«Եթե Եվրոպան չի կարողանում ազդեցություն ունենալ 3,7 միլիոնանոց երկրի վրա, ինչպե՞ս կարող է 21-րդ դարի հսկաների հետ մրցակցություն ակնկալել», - նշեց նա:

Վրաստանի հեռացող նախագահի համոզմամբ՝ իր երկրում տեղի ունեցող իրադարձությունները ժամանակին չկանխվելու դեպքում, հետևանքների կբախվեն ոչ միայն տարածաշրջանում, այլև դրանից դուրս․ - «Խաղադրույքները շատ բարձր են․ Սև ծովի անվտանգությունը, Ասիան, ինչպես նաև Հայաստանի եվրոպական ապագան։ Սա շատ ավելի խորը գործընթաց է, քան պարզապես Վրաստանում ժողովրդավարությունը կամ դրա քաղաքական ընտրությունը»:

Զուրաբիշվիլին, սակայն, չհստակեցրեց՝ ի՞նչ քայլեր է ակնկալում Վաշինգտոնից ու Բրյուսելից, որոնք արդեն մի շարք պատժամիջոցներ են սահմանել վրաց պաշտոնյաների նկատմամբ, սառեցրել ֆինանսական աջակցության մի քանի ծրագրեր՝ ի պատասխան վրացական աղմկահարույց օրենքի, ապա ընտրությունների վիճահարույց արդյունքների, դրան հաջորդած բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բիրտ ուժի կիրառման։

Մեզ անհրաժեշտ է քաղաքական ուշադրություն ամենաբարձր մակարդակով, քանի որ նախ և առաջ Վրաստանի ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը միայնակ չէ և դուք աջակցում եք մեզ», - ընդգծեց Սալոմե Զուրաբիշվիլին։

Հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական, ապա անցած շաբաթ նախագահական ընտրությունների արդյունքները Զուրաբիշիվիլին ու ընդդիմադիր ուժերը չեն ճանաչում՝ պնդելով, որ քվեարկությունը կեղծվել է, ուղեկցվել է բռնություններով և ռուսական ազդեցությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ընդդիմությունը ԵՄ-ին կոչ է արել «ապօրինի ճանաչել ինքնահռչակ Բիձինայի ռեժիմը»

Ինքը՝ գործող նախագահը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս ամսվա վերջին, կտրականապես հրաժարվում է լքել իր նստավայրը՝ հայտարարելով, որ երկրում մնացած միակ լեգիտիմ կառույցն իր գլխավորած հաստատությունն է։

Մինչ Վրաստանում խորհրդարանական ընտրություններին հետևած ԵԱՀԿ-ն պատրաստվում է հրապարակել իր վերջնական զեկույցը՝ քվեարկության ընթացքի մասին, Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում հայտարարեց՝ մեծահարուստ Իվանիշվիլիի առաջնորդած կուսակցությունը բազմաթիվ մեթոդներ է կիրառել իշխանության հաղթանակն ապահովելու համար՝ ընդհուպ միլիոնավոր դոլարներ կիրառել:

«Ահաբեկում, վարչական ռեսուրսի կիրառում, ռուսական քարոզչություն... Բացի այդ, մեծ քանակությամբ «սև փողեր» են կիրառվել, ընտրությունների ժամանակ ոստիկանություն չկար, ես անձամբ եմ ականատես եղել տարբեր շրջաններում բռնությունների», - ասաց նա։

Ֆրանսիաբնակ Սալոմե Զուրաբիշվիլին, որը տարիներ առաջ Վրաստանի քաղաքական դաշտ վերադարձավ և նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած կուսակցության աջակցությամբ, Եվրախորհրդարանում այսօր պնդեց՝ Վրաստանում ամեն ինչ վերահսկվում է մեկ կուսակցության և մեկ մարդու կողմից, ու այդ մեկ մարդը երկիրը տանում է Ռուսաստան։

Եվրոպական միության հետ դաշինքի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու Վրաստանի կառավարության որոշման դեմ Թբիլիսիում ուղիղ երեք շաբաթ է՝ զանգվածային ցույցեր են տեղի ունենում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում գիշերը կրկին բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև

Բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել, ավելի քան 30 անձի, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Ակցիայի մասնակիցները, ինչպես նաև բազմաթիվ լրագրողներ այս ընթացքում ահազանգել են իրենց դեմ ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման մասին։

Վրաստանում շուրջ մեկ տարի շարունակվող ներքին լարվածությանն ի պատասխան Բրյուսելում այս օրերին փորձում են վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցով ընդհանուր հայտարարի գալ․ Սլովակիան և Հունգարիան դեմ են առաջարկին, որը ենթադրում է վիզային սահմանափակումներ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց նկատմամբ, ինչը կտարածվի իշխանության գրեթե բոլոր թևերի ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների վրա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Վրաստանի առաջնորդների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը

«Կճամփորդեմ սովորական անձնագրով», - արձագանքել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Հանուն երկրին ծառայելու նման զոհաբերության պատրաստ Կալաձեն միաժամանակ տարակուսում է՝ ինչո՞ւ են իրենց հետ նման կերպ վարվում. - «Ինչո՞ւ, ինչի՞ համար են սահմանափակում դիվանագիտական անձնագիր ունեցող մարդու տեղաշարժը։ Ինչի՞ համար նրանք պետք է մեզ պատժամիջոցների ենթարկեն։ Նրա համար, որ մենք թույլ չենք տվել նրանց երկրորդ ճակատ բացել երկրում, չենք միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Դրանով մենք ո՞ւմ ենք վնասել։ Սովորական գյուղացուն, բանվոր մարդուն, մանր և միջին բիզնեսին։ Բնականաբար մեր տնտեսությունը կփլուզվեր, մենք չենք կայացրել նման որոշում, մենք պաշտպանել ենք մեր ժողովրդի և երկրի շահերը։ Եվ եթե դրա համար մենք պետք է պատժվենք, ուրեմն՝ խնդրեմ»։