Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը ԵՄ-ին կոչ է արել «ապօրինի ճանաչել ինքնահռչակ Բիձինայի ռեժիմը»


Վրաստանի չորս խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները/դաշինքները Եվրամիությանը կոչ են արել «ինքնահռչակ Բիձինայի {Իվանիշվիլի} ռեժիմը ոչ լեգիտիմ» հայտարարել, ասվում է ԵՄ-ին ուղղված քաղաքական ուժերի համատեղ կոչում։

Նրանք խորհրդարան են անցել, սակայն հրաժարվել են պատգամավորական մանդատներից։ Նամակն ուղղված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։

Դիմումում ասվում է, որ Վրաստանը կանգնած է աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ, որը պահանջում է անհապաղ քայլեր Եվրամիության կողմից։ Ավելի քան 500 մարդ բերման է ենթարկվել նոյեմբերի վերջից ընթացող ցույցերի դեմ, իսկ ավելի քան 300 հոգի, այդ թվում՝ 73 լրագրող, դարձել է հատուկ ջոկատայինների և փողոցային խմբավորումների բռնությունների զոհ։

«Մենք՝ Վրաստանի քաղաքական կուսակցություններն ու դաշինքները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցուցարարների հետ միասին համաձայն ենք, որ ներկայիս ճգնաժամի միակ լուծումը նոր ընտրությունների անցկացումն է բարելավված ընտրական համակարգում՝ քաղաքականապես հավասարակշռված ընտրական վարչակազմով և չեզոք պետական ինստիտուտներով», - ասված է նամակի մեջ։

Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» հիմնադիրն է ու առաջնորդը։

XS
SM
MD
LG