«Եվրամիությունն աջակցում է վրաց ժողովրդին՝ Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարում», - հայտարարել է Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոստան՝ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Զուրաբիշվիլին X-ում գրել է, որ Կոստայի հետ խոսել է Վրաստանի վերջին իրադարձությունների մասին։
«Ես շեշտեցի, որ ճգնաժամից դուրս գալու միակ խաղաղ ճանապարհը քաղաքական է՝ նոր ընտրությունները։ Նրանք ինձ վստահեցրին, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին և նրա եվրոպական ապագային», - գրել է Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի նախագահն X-ում կիսվել է Զուրաբիշվիլիի գրառումով։
Անտոնիո Կոստան Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Շառլ Միշելին փոխարինեց այս տարվա նոյեմբերին։
Դեկտեմբերի 16-17-ը նախատեսված են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի և ընդհանուր գործերի խորհրդի, իսկ դեկտեմբերի 19-ին՝ Եվրոպական խորհրդի նիստերը։ Օրակարգում նաև արտաքին քաղաքականության կոնկրետ հարցեր են, այդ թվում՝ Վրաստանի և Մոլդովայի իրադարձությունները։
Զուրաբիշվիլիի գրասենյակը նշում է, որ «Եվրոպական խորհրդի նիստից առաջ, Կոստան ցանկացել է զրուցել Վրաստանի նախագահի հետ և հաստատել Եվրոպական խորհրդի հատուկ ուշադրությունը Վրաստանում ծագած ծանր ճգնաժամին»։
Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Ակցիաներն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։
Դեկտեմբորի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, խորհրդարանի նախկին պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին ընտրվել է Վրաստանի վեցերորդ նախագահ։ Նա միակ թեկնածուն էր և հավաքել է Ընտրական կոլեգիայի ներկա 225 ձայնից 224-ը։ Ընդդիմությունը չի մասնակցել գործընթացին։ Զուրաբիշվիլին վերահաստատել է՝ որ չի ճանաչում նախագահական ընտրությունների օրինականությունը։ Ինչպես ընդդիմությունն, այնպես էլ նախագահը խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ։