Մատչելիության հղումներ

Վրաստանում լարվածության ֆոնին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանում է Թբիլիսի


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսե, արխիվ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսե, արխիվ

Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի պաշտոնական այցը Վրաստան։

Եվրոպական խորհուրդը նշում է, որ Բերսի այցի հիմնական պատճառը երկրում լարվածությունն է, քաղաքական բանավեճերի ծայրահեղ բևեռացումը և բռնության ակտերը, որոնք տեղի են ունենում վերջին շաբաթներին։

Ըստ հայտարարության՝ գլխավոր քարտուղարի այցի նպատակն է կազմակերպության արժեքներին և սկզբունքներին համապատասխան պայմաններ ապահովել՝ Եվրոպայի խորհրդի և Վրաստանի միջև հետագա համագործակցության համար։

1999 թվականից հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամ՝ Վրաստանը պարտավոր է հարգել իր հիմնարար պարտավորությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայություն, ասված է հայտարարությունում։

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում բոլոր կողմերին՝ խուսափել լարվածության աճից։ Իշխանություններին հորդորում է զերծ մնալ ուժի անհամաչափ կիրառումից և հարգել հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ արտահայտվելու և հավաքների ազատությունը:

Թբիլիսիում շարունակվում են իշխանությունների հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը, որոնք սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության բանակցությունները: Հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում այս օրերին ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով։

XS
SM
MD
LG