Վրաստանի քաղաքական ցնցումները Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի վրա, անկասկած անմիջական ազդեցություն կարող են ունենալ, «Ազատության» հետ զրույցում, նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ նկատելով՝ եթե Վրաստանն այսպես շարունակի, և եթե իրավիճակն ավելի վատանա, Հայաստանի համար [Եվրոպայի հետ ինտեգրումը] կարող է ավելի բարդ դառնալ։
Վրաստանում բողոքի ակցիաների նոր ալիքը հաջորդեց վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիությանն անդամակցության բանակցությունները: Կառավարության հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր են անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։
Վարդանյանի խոսքով՝ եթե Վրաստանում տնտեսական դժվարություններ սկսվեն և երկրի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա Հայաստանը նույնպես ստիպված կլինի դա զգալ երկու երկրների միջև գոյություն ունեցող որոշակի տնտեսական հարաբերությունների պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարևան Հայաստանի եվրոպական ապագան կախված է Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններից․ վրացահայ ակտիվիստ«Ես բավականին շատ եմ լսել Երևանում, այս ամբողջ շահարկումը, որ եթե Վրաստանը հիմա չեղարկի իր ինտեգրումը, դա կնշանակի, որ Հայաստանը պետք է նույնպես չեղարկի դա։ Կարծում եմ, որ իրականում Վրաստանի ներկայիս ճգնաժամը, ինչպես նաև Վրաստանի նորագույն պատմությունը այլ բան են հուշում։ Երբ, օրինակ, Վրաստանին և Ուկրաինային եվրաինտեգրման առումով նույն փաթեթի մեջ էին դիտարկում, իսկ հետո ինչ-որ պահի Ուկրաինան չեղարկել է իր ծրագիրը Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալու պատճառով, Եվրամիությունն այն ժամանակ ասաց Վրաստանին, որ դուք կարող եք շարունակել աշխատել մեզ հետ միասին, և մինչև Ուկրաինան վերադառնա այդ ուղու վրա, դուք շատ ավելի ուժեղ և ավելի պատրաստված կլինեք մեզ հետ մերձենալու համար: Եվ դա ճիշտ էր», - ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շեշտելով․ -«Կարծում եմ, որ Հայաստանը միանշանակ կարող է դաս քաղել այս ամենից»։
Վարդանյանը միևնույն ժամանակ չի բացառում՝ աշխարհագրության հետ կապված խնդիրներ կան։
«Հայաստանը խոցելի վիճակում է գտնվում և նրա որոշ հարևանները պարտադիր չէ, որ բարեկամական են տրամադրված նրա հանդեպ։ Իրականում նրանք պատրվակ են փնտրում [Հայաստանի համար] էլ ավելի շատ խնդիրներ ստեղծելու համար։ Բայց եթե Հայաստանը որոշի գնալ այս ճանապարհով և շարունակել իր ինտեգրումը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, դա իրականում ավելի մեծ անվտանգություն և կայունության ավելի մեծ հեռանկար կբերի երկրին՝ հատկապես երկարաժամկետ հեռանկարում», - ասաց Վարդանյանը:
Օլեյսա Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․