Այս պահին Հայաստանի Հանրապետությունը Եվրամիությանը մոտ է գտնվում այնքանով, որքանով դա հնարավոր է, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Հարցին՝ եթե արտախորհրդարանական արևմտամետ ուժերին հաջողվի հավաքել բավարար ստորագրություններ, կողմ կքվեարկե՞ն օրենքի նախագծին, որ Հայաստանը պարտավորվելու է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, պատգամավորն արձագանքեց. - «ԵՄ անդամակցությունը բացառապես քաղաքական հարց չէ, այնպես չէ, որ մենք այսօր որոշում ենք, վաղը անդամակցում ենք, և դա վերաբերելի չի միայն Հայաստանին, դա վերաբերելի է բոլոր պետություններին։ Եվ ԵՄ անդամակցության համար որպես այդ գործընթացին քաջածանոթ և այդ մասնագիտացում ունեցող մարդ ասում եմ, որ դա տեղի է ունենում փուլային»։
Նրա ներկայացմամբ՝ Հայաստանին հարկավոր է ասոցացման համաձայնագիր, երկիրը պետք է ճանապարհ անցնի, իսկ այդ գործընթացը միջինում տևում է տարիներ։
«Բայց դա հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմն է, թե որքանով է Հայաստանը պատրաստ նախ եվրաինտեգրմանն ավելի խորը գնալու, և որքանով է Եվրամիությունը պատրաստ Հայաստանին տեսնել որպես իր անդամ պետություն, ունենալ հարևան Իրան, օրինակ», - նկատեց Սոնա Ղազարյանը։
Հայաստանում արևմտամետ ուժերը նախաձեռնել են ստորագրահավաք՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու համար։ Նախագիծն ԱԺ-ում քվեարկության կդրվի, եթե առաջիկա 2 ամսում 50 հազար քաղաքացի միանա ստորագրահավաքին:
«Ազատության» դիտարկմանը, որ ստորագրահավաք նախաձեռնած ուժերը պնդում են, որ այս օրենքը կամ գուցե հետագայում նաև հանրաքվեն ցույց կտա Հայաստանի ժողովրդի ձգտումները, և բարեփոխումները ուղղությունը կլինի դեպի այդ նպատակը, իշխանական պատգամավորն ասաց, որ ՀՀ ժողովուրդը հստակ արձանագրել է իր ցանկությունը, և որ դրանք տեսանելի են շատ տարբեր հարցումներով, որտեղ ՀՀ քաղաքացիները հայտարարում են, որ Եվրամիությանը տեսնում են որպես վստահելի գործընկեր։
«Դրանից անդին ՀՀ վարչապետը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ մոտ է լինել այնքան, որքանով Եվրամիությունն է։ Այս գործընթացում կա 2 կողմ, և կան շատ տարբեր հարթությունում գործընթացներ։ Այս պահին այնքան ինտենսիվ, որքան այս պահին են հարաբերությունները Եվրամիության հետ, որևէ նախորդիվ պահի չի եղել։ Դա ենթադրում է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը եթե չչափազանցնեմ, մի 10 տարի է, գնում էինք, կա խաղաղության գործիքակազմը, որին, ի դեպ, շատ շատերը թերահավատորեն էին մոտենում, որ օրինակ, Հունգարիայի պես պետությունը կտա իր համաձայնությունը», - շեշտեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.