Մատչելիության հղումներ

ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաքը շարունակվում է նաև մարզերում


Հայաստանյան եվրոպամետ ուժերը նաև մարզերում է շարունակում Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ Այսօր Գյումրիի քաղաքապետարանի առաջին հարկում մարդկանց բացատրում էին ստորագրահավաքի կարգն ու իրենց նախաձեռնության նպատակը։

Թեև մեր նկարահանման պահին հատուկենտ մարդիկ էին մոտենում, ստորագրում, նախաձեռնող խմբի լիազոր անդամ Կարեն Ղուկասյանը պնդեց՝ ակտիվություն կա։

«Բավականին ակտիվ են, ցանկալի է մի քիչ էլ ավելի ակտիվանան», - նշեց Ղուկասյանը:

«Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար նախաձեռնող քաղաքական ուժերը պետք է 60 օրում՝ մինչև նոյեմբերի 14-ը 50 հազար ստորագրություն հավաքեն։

Ոչ խորհրդարանական ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը չեն բացահայտում՝ ինչպես կքվեարկեն, եթե ստորագրահավաքը հաջողի։ Իշխանությունը, սակայն, պարբերաբար հիշեցնում է նախաձեռնողներին՝ թեև Հայաստանի ձգտում է եվրոպական օրակարգի, այնուամենայնիվ, նախ Եվրամիությունից պետք է ազդակներ ստանան, որ ցանկանում են Հայաստանին տեսնել միության կազմում, բացի այդ հանրաքվեն գործընթացի վերջին փուլ կարող է լինել։

Քաղաքապետարանի շենքից դուրս գյումրեցիներից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են անցկացվող ստորագրահավաքից և կմիանան, թե՝ ոչ։ Հիմնականում մեզ հանդիպած երիտասարդներն էին կողմ Եվրամիության անդամակցությանը։ Գիտակցում են՝ անցնելիք ճանապարհը հեշտ չի լինի, մեծածավալ բարեփոխումներ են պետք, բացի այդ պետք է նաև ԵՄ բոլոր անդամները համաձայնեն Հայաստանի անդամակցությանը, բայց կարծում են, որ Հայաստանի համար լավագույն տեղը եվրոպական բլոկում է։

Եթե ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու արևմտամետ ուժերի նախագիծը հասնի ԱԺ ու մերժվի, ապա երկրորդ փուլով նախագիծը կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար քաղաքացի ստորագրի:

XS
SM
MD
LG