22։00
Ակցիան այստեղ ավարտվեց, ցուցարարները բացեցին Բաղրամյան պողոտան։ Իրենց հաջորդ քայլերը ներկայացնելով՝ Բագրատ սրբազանը հայտնեց, որ դատախազությանը «բոլոր օջախների նկատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացնելու»։
21:27
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ այս ակցիան «դեղին քարտ» է Սահմանադրական դատարանի դատավորներին։
21:20
Ընդդիմադիր շարժման մասնակիցները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց` նրանք անհնազանդության ակցիա են իրականացնում։
19:46
«Ես բոլոր նախագահների ժամանակ եղել եմ ընդդիմադիր դիրքերում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում «ապրել ենք սխալների տիրույթում», իսկ հիմա «ողբերգության»։
Շիրակի թեմի առաջնորդն էր այս շաբաթ իր հարցազրույցում ասել, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ուրվականները քայքայեցին Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, որ պահանջում է վարչապետի հրաժարականը։ Նախորդ ամիս շարժման առաջնորդը խորհրդարան էր գնացել, հանդիպել ընդդիմադիր խմբակցություններին, լրագրողներին ասել, որ երկրորդ ու երրորդ նախագահների հետ փակ հանդիպում է ունեցել։
Եռամսյա դադարից հետո Բագրատ սրբազանը հոկտեմբերի 2-ին հանրահավաք էր հրավիրել։ Ապա Հանրային հեռուստաընկերությունից ուղիղ եթեր պահանջեց, որի ընթացքում ուղերձով հանդես եկավ։ Այսօրվա հանրահավաքին սրբազանը հակադարձեց քննադատություններին, թե «նրա ուղերձը թույլ էր», կամ որ հարցազրույցի ձևաչափով հանդես գալով՝ պիտի նաև պատասխաներ Պետրոս Ղազարյանի հարցերին. - «Ես հարցազրույցի հրավիրված չեմ եղել, որ գնամ հարցազրույցի կամ պարզապես Հանրայինի եթերով ելույթ ունենալու։ Մենք խնդիր ենք դրել և այդ խնդիրը կատարել ենք»։
Ելույթում սրբազանը վերահաստատեց, որ շարունակելու են պայքարը՝ հեռացնելու իշխանություններին։
Ապա նա հայտնեց, որ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան։ Թե ինչու, ասաց՝ իրենց անհնազանդությունը հայտնելու։ Արքեպիսկոպոս Գալստանյանը քննադատեց Բարձր դատարանի որոշումը, որով ՍԴ-ն ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանը եզրահանգել էր՝ Սահմանադրության նախաբանի՝ «... հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պայքարի սկզբից իշխանականները պնդել են, թե վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ավելի վաղ վստահություն էին հայտնել՝ աշնանն էլ շարժումը հաջողության չի հասնի։
- Ապրիլին սահմանազատման դեմ պայքար սկսած Բագրատ սրբազանը Տավուշից, ավելի կոնկրետ Կիրանց գյուղից քայլերթով Երևան էր եկել, ինչից հետո մայիսի 9-ին մայրաքաղաքում հանրահավաք եղավ, ապա սկսվեցին բողոքի ակցիաները, ցույցերը: