Բագրատ արքեպիսկոպոսի պայքարի նոր՝ հույսի ու հաղթանակի փուլն էլ չի փոխում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կանխատեսումը։ Չի հավատում, որ վարչապետ Փաշինյանի իշխանության դեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պայքարը հաջողություն կունենա։
«Երանի Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի իմ վատատեսությանը, -ասել է Շիրակի թեմի առաջնորդը, - Երկրորդ և երրորդ նախագահների ուրվականները քայքայեցին այդ շարժումը ոչ թե ակամա, միտումնավոր քայքայեցին»։
Եռամսյա դադարից հետո Բագրատ սրբազանը հանրահավաք էր հրավիրել։ Հրապարակը բազմամարդ չէր նախկին հավաքների ու հատկապես առաջին՝ մայիսի 9-ի հանրահավաքի պես։ Շարժման առաջնորդը հարթակից քաղաքական ուժերին կոչ արեց համախմբվել ու միասնաբար գործել։ Բագրատ արքեպիսկոպոսին աջակցող Միքայել սրբազանին բարկացրել է այս հորդորը։
«Չկա քաղաքական ուժ Հայաստանում, և ողբերգությունը դրա մեջ է։ Ինքը պիտի մնար մայիսի 9-ի ձևաչափի մեջ՝ անկախ, ազատ, ինքնուրույն», - ասում է Միքայել Աջապահյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բագրատ սրբազանը քաղաքական անփորձության հետևանքով հայտնվեց ծուղակում». շարժման նախկին աջակիցՇիրակի թեմի առաջնորդի կարծիքով՝ մայիսյան հրապարակը լեփ-լեցուն էր, քանի որ Բագրատ սրբազանը քաղաքական ուժերի հետ չէր նույնացվում։ Ինքն էլ որպես աջակից նրան ուղիղ ասել է՝ ինչն է խանգարում պայքարի հաջողությանը, բայց իրեն չի լսել. - «Ինքն իրավունք ուներ չհամաձայնելու, չի համաձայնել»։
Վերջին հանրահավաքից օրեր առաջ շարժման առաջնորդը խորհրդարան էր գնացել, հանդիպել ընդդիմադիր խմբակցություններին, այնտեղ էլ լրագրողներին ասել, որ երկրորդ ու երրորդ նախագահների հետ փակ հանդիպում է ունեցել։
«Խնդիրը աջակցելը կամ չաջակցելը չէ, խնդիրն այն է, որ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թե մենք ուր ենք գնում», - ասել էր վարչապետի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդը։
Միքայել սրբազանն ասում է. - «Հանդիպելու հետ ես որևէ խնդիր չունեմ, բայց այդ մարդիկ իրենց քաղաքական ներգրավվածությամբ խանգարում են Բագրատ սրբազանին»։
Ընդդիմությունը շարունակում է սատարել իշխանության դեմ այս պայքարին։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով՝ շատ կօգներ դա, եթե այդ ուժերը կապված չլինեին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքըՌոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար անհասկանալի են մեղադրանքները, որ նախկին նախագահները կամ նրանց թիմակիցները խանգարում են շարժմանը։ Ըստ դաշնակցական պատգամավորի՝ դա իշխանական քարոզչությունն է։
«Մենք հրապարակում ենք, որովհետև տեսնում ենք, որ Բագրատ սրբազանը, բազմահազար աջակիցներ պայքարում են այս իշխանությունների դեմ, հիմա թե մնացածները ինչպես են մտածում, իրենց խճղի ու համոզմունքի հարցն է, թող մտածեն այդպես։
Սա հայ ժողովրդի շարժումն է, որն այս դեպքում առաջնորդում է սրբազանը», - շեշտեց Արծվիկ Մինասյանը։
Երկրորդ նախագահի գրասենյակից էլ այսօր արձագանքեցին Շիրակի թեմի առաջնորդի մեղադրանքներին. - «Ընթացիկ իրավիճակի մասին նրա մեկնաբանությունը առնվազն տարօրինակ է հնչում, ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը դատախազական անառարկելի տոնայնությամբ մեղավորներ փնտրելու համար, մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է»։
Երրորդ նախագահն առայժմ չի արձագանքել։
Բացի պաշտոնաթող նախագահների ու նրանց առաջնորդած խորհրդարանական ուժերի հետ համագործակցությունից Շիրակի թեմի առաջնորդը դժգոհ էր նաև Հանրայինի եթերում Բագրատ սրբազանի ուղերձի բովանդակությունից։ Ասում է՝ սենտիմենտալ էր։