Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը:
Բագրատ սրբազանն անդրադարձավ Տավուշի մարզում տեղի ունեցած սահմանազատմանը՝ հայտարարելով, թե այն միակողմանի է. - «Միակողմանի զիջումներ են և չգիտենք՝ դրանք ուր են գնալու, ինչքան են շարունակվելու»:
«Եթե իսկապես սահմանազատում, սահմանագծում է, թող 2 տարի առաջվա խնդիրները լուծեն, հետո գնան 90-ականներ, թող փաթեթով լուծեն», - նշեց նա:
Բագրատ արքեպիսկոպոսն անդրադարձավ նաև երեկ Արտգործնախարարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին՝ նշելով. «Էդ քրեական գործերն էլ ինչո՞ւ են հարուցել՝ զանգվածային անկարգություններ ասելով, որպեսզի էդ տղաների վրա գործ հարուցեն, հիմա էլ ասեն՝ պատասխանատու, կազմակերպիչ շրջանակն ենք փնտրում: Շրջանակ մի փնտրեք, պատասխանատուները ձեր դիմաց կանգնած են և այդ պատասխանատվությունից էլ չեն խուսափում: Էդ գործերը հարուցել են՝ վախեցնելու, միևնույն ժամանակ հող նախապատրաստելու՝ իբր թե իրենց կարճ խելքով մեզ ձերբակալելու ու կալանավորելու համար:
Երեկ Արտգործնախարարության դիմաց տեղի ունեցած բախումից հետո 28 ցուցարար է ձերբակալվել։ Քննչական կոմիտեն նրանց կասկածում է առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։
Մինչ հանրահավաքը Բագրատ Գալստանյանն այսօր եղել է Շիրակի թեմի առաջնորդարանում, որտեղ հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի հետ:
Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր ավտոերթով հասել էր Գյումրի, որտեղ ժամը 2-ին «Ազնավուր» հիմնադրամը Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով համերգային ծրագիր էր կազմակերպել, սակայն առավոտյան տեղեկացրել են, որ այն տեղի է ունենալու ժամը 12-ին:
Բագրատ սրբազանը նախատեսում էր հանդիպում Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի երեխաների հետ, ովքեր նույնպես պետք է մասնակցեին համերգային ծրագրին, սակայն չեն հասցրել ելույթ ունենալ:
Նա Գյումրիի Թատերական հրապարակ էր ժամանակ ժամը 14-ին, մինչ այդ շատ արագ հավաքվել էր բեմահարթակը: Կազմակերպիչներն այդպես էլ որևէ բացատրություն չհրակապարակեցին, թե ինչու էր փոխվել միջոցառման ժամը:
«Ես եկել էի «ՏաԼույս»-ի երեխաներին և՛ լսելու, և՛ տեսնելու: Այն, ինչ վիճակ հիմա այստեղ է, սա մեր երկրի խորհրդանիշն է՝ ինչէ տեղի ունենում: Մշակույթի նախարարություն, Դանիել Դանիելյան, դեռ ոչ մի բան չեմ ասում իրեն, ուրեմն հրապարակային ներողություն կխնդրի իր արածի համար, Տավուշից ծնողներ են եկել ժամը 2-ի համար. վերջին օրով, վերջին ժամին ժամ չեն փոխում», - ասաց նա:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից մինչև այս պահը որևէ արձագանք չի եղել արքեպիսկոպոսի հայտարարություններին:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Շարժման Վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, և նա դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից նախօրեին հայտնեցին, որ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը։
Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։