Երևանը դիմել է Վաշինգտոնին միջուկային հարցերում համագործակցելու համար

Հայկական ատոմային էլեկտրակայանը Մեծամորում, արխիվ

Երևանը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին միջուկային հարցերում համագործակցելու համար, ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը, Civilnet-ին օրեր առաջ հայտնել էին Պետդեպարտամենտից։ Եթե Նահանգները հաստատի հայտը, Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ՝ նոր ատոմակայան կառուցելու համար։ Դիմումը հաստատելու կամ մերժելու հնարավոր ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվել։

Այս բանակցությունների ֆոնին մասնագետները փաստում են՝ Մեծամորի գործող ատոմակայանի կյանքի հետհաշվարկն արդեն սկսված է:

«Տեղեկատվությունը Հայաստանին փոխանցելու համար հարկավոր է որոշակի պարտավորություններ վերցնել՝ հայկական կողմը պետք է պարտավորություններ վերցնի, և հենց այդ, այսպես կոչված, 123 համաձայնագրի նպատակներից մեկն էլ դա է, որ մենք միանալով այդ համաձայնագրին՝ պարտավորվում ենք ինֆորմացիան, տեղեկատվությունը երրորդ կողմին չփոխանցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրջանյանը:

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցերով գործում էր մասնագիտական հանձնաժողով, ապա օգոստոսի 1-ին Կառավարության որոշմամբ ստեղծվեց փակ բաժնետիրական ընկերություն, որը պետք է գնահատի տարբեր երկրների կողմից սեղանին դրված առաջարկներն ու որոշի՝ ինչ տեխնոլոգիայով և ինչ հզորության ատոմակայան պետք է կառուցել Մեծամորի ԱԷԿ-ի փոխարեն։

«Նպատակը հետևյալն է, որ կադրերի համալրումից, նրանց մասնագիտական կարողությունների և այլնի զարգացումից հետո այս կառույցի գործընկերները Կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես շարժվել առաջ՝ հզորության առումով, մեթոդների առումով, շինարարության սկսման փուլերի, դրա կառավարման և մնացած առումներով», - Կառավարության նիստի ժամանակ հայտնեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Նոր ատոմակայանը՝ Մեծամորի տարածքում, առնվազն նույն հզորության

Ըստ Սանոսյանի՝ նոր ատոմակայանը պետք է կառուցվի Մեծամորի տարածքում առնվազն նույն կամ ավելի մեծ հզորության։ Գործող ատոմակայանի հզորությունը 440 մեգավատտ է։

Նախարարությունից «Ազատություն»-ն այսօր տեղեկացավ, որ նորաստեղծ ՓԲԸ-ն աշխատակիցներով համալրելու առումով նորություն չկա։ Մինչ այդ, այս հարցերով Կառավարության հետ համագործակցած Միջուկային ու ռադիացիոն անվտանգության կենտրոնի ղեկավարը մանրամասնում է, որ Հայաստանը ստացել է նոր ատոմակայան կառուցելու մի քանի առաջարկ տարբեր երկրներից, մասնագետները դրանք գնահատելու համար հարցեր են ուղարկել այդ երկրներին։

«Միայն այս փուլում մեզ այդ համաձայնագրին միանալը հարկավոր է, որպեսզի ստանանք ամերիկյան ընկերությունների կողմից հեղինակային իրավունքները պաշտպանված տեղեկատվություն իրենց կողմից մշակվող ռեակտորների առանձնահատկությունների վերաբերյալ: Դա մեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք որոշում կայացնել, թե որ ռեակտորն է ավելի հարմար Հայաստանում կառուցելու համար», - նշեց Արմեն Ամիրջանյանը:

Առաջարկներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Հարավային Կորեայից, բանակցություններ նաև Չինաստանի ու Ֆրանսիայի հետ

Ինչպես «Ազատություն»-ը տեղեկացավ Տարածքային կառավարման նախարարությունից, Հայաստանն առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Հարավային Կորեայից, բանակցություններ են եղել նաև Չինաստանի ու Ֆրանսիայի հետ։ Այս պահին ուսումնասիրվում են արդեն արված առաջարկները, դրանք հարյուրավոր էջերից բաղկացած հսկայական փաթեթներ են, ավելի վաղ հարցազրույցում մանրամասնել էր էներգետիկայի գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանը. - «Հազարավոր էջերով փաստաթղթեր են: Այդտեղ պետք է հաշվի առնել շատ ասպեկտներ՝ ոչ միայն հզորությունները, դրանց կառուցման ժամկետները, դրանց առկայությունը, առկա լիցենզիաները, իրենց անվտանգության հետ կապված հարցերը, հետագա շահագործման հետ կապված հարցերը, վառելիքի հարցերը՝ վառելիքը որտեղից է գալու, այդ բոլոր ասպեկտները պետք է դիտվեն և վերլուծվեն: Այդպիսի աշխատանք կատարվել է և կատարվում է նախարարության կողմից»:

Այս աշխատանքները պետք է շարունակի նորաստեղծ ՓԲԸ-ն, մինչ այդ, այս պահին հայտնի է, որ Ռուսաստանն առաջարկել է կառուցել 1200 մեգավատտ հզորության ВВЭР տեսակի ռեակտորով, իսկ ԱՄՆ-ը՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորով կայան։ Եթե Հայաստանի կառավարությունն ի վերջո ընտրի ամերիկյան տարբերակը, դա տեխնոլոգիական առումով նորություն կլինի Հայաստանի համար։

Ամիրջանյանի ղեկավարած կենտրոնը վերջին տարիներին ուսումնասիրել է փոքր ռեակտորների աշխատանքը հիմնականում անվտանգության տեսանկյունից։

«Արդյոք երբ գործը հասնի լիցենզավորման, կլինե՞ն խոչընդոտներ՝ կապված մեր օրենսդրության առանձնահատկությունների հետ, թե՞ չէ: Այդ խնդիրը լուծելու նպատակով մենք սկսեցինք ծանոթանալ այդ նորագույն ռեակտորների անվտանգության հետ կապված հարցերին, որպեսզի հասկանանք՝ հնարավոր կլինի՞ լիցենզավորել այդ տիպի ռեակտորները Հայաստանում, թե՞ չէ», - ընդգծեց Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ղեկավարը:

Սակայն նաև հենց այս ուսումնասիրությունները շարունակելու համար է գիտնականներին անհրաժեշտ, որ Վաշինգտոնն արտոնի, Երևանն էլ միանա123 համաձայնագրին։
ԱՄՆ-ի Ատոմային էներգիայի մասին օրենքի համաձայն՝ այդ երկրի կառավարությունը պետք է հատուկ համաձայնագիր ունենա օտար երկրների հետ՝ քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ կամ անգամ դրանց վերաբերյալ գիտելիք փոխանցելու համար։ Հետխորհրդային երկրներից համաձայնագրին միացել է միայն Ղազախստանը։

600 ՄՎտ-ը՝ ամենաօպտիմալ տարբերակը առաջիկա 10-20 տարվա համար

Մինչ գիտնականները կգնահատեն Միացյալ Նահանգների և մյուս երկրների առաջարկները, արդեն որոշ հստակություններ կան. օրինակ՝ գիտնականները հակված են այն կարծիքին, որ Հայաստանը չպետք է կառուցի գործող ատոմակայանի հզորությունից կտրուկ տարբերվող ու ավելի մեծ հզորության ատոմակայան։

«Եվ եթե մենք այդ 400 մեգավատտը, ենթադրենք, 36 թվականին կանգնեցնենք, համակարգից հանենք, 600 մեգավատտը, իմ կարծիքով, ամենաօպտիմալ տարբերակն է առաջիկա 10-20 տարվա համար՝ հաշվի առնելով ևս որոշակի պահանջարկի աճ կլինի, 600 մեգավատտը այս պահին ամենաօպտիմալ տարբերակն է», - ընդգծեց Ամիրջանյանը:

Հայաստանում սպառվող էներգիայի 1/3-ից ավելին ստեղծվում է Մեծամորի ատոմակայանում, որն արդիականացման ու վերազինման հերթական փուլից հետո կարող է գործել մինչև 2036 թվական, ինչը նոր ատոմակայան նախագծելու ու կառուցելու համար 12 տարուց պակաս ժամկետ է տալիս Կառավարությանը։