Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ուսումնասիրում է միջուկային քաղաքացիական տեխնոլոգիաներ ստանալու դուռ բացող Հայաստանի դիմումը


ՀՀ Մեծամորի ատոմակայան, արխիվ
ՀՀ Մեծամորի ատոմակայան, արխիվ

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ «123-րդ համաձայնագրին» միանալու համար, ինչը թույլ կտա ստանալ ամերիկյան միջուկային քաղաքացիական տեխնոլոգիաներ։

«ԱՄՆ կառավարությունը չի բացահայտում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք հաղորդել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում Հայաստանի դիմումին 123-րդ համաձայնագրին միանալու համար», - «Սիվիլնեթ»-ին տված գրավոր պատասխանում հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ այլ երկրներին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու համար պահանաջվում է ստորագրել ԱՄՆ Ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը։

Թարմացված վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ն նման համաձայնություններ ունի 48 երկրների և տարածքների հետ։

Եթե Հայաստանը միանա այդ օրենքին, այն կարող է ճանապարհ բացել Հայաստանում ամերիկյան ատոմակայան բացելու համար։

Դեռ մայիսին Երևանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։

Հուլիսի սկզբին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցմանն, ասել էր, որ պրոցեսն առարկայական փուլ է մտել․ Երևանը Վաշինգտոնի հետ իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է քննարկում՝ նշելով, որ այս պահին գնդակն ԱՄՆ դաշտում է։

«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել, սրանք հարցեր են, որ երկարաժամկետ ենք լուծելու», - ասել էր Գրիգորյանն՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG