«Ռոսատոմ» ընկերությունը սկսել է գնահատել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հնարավորությունը», -հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ընկերության կազմում գործող "Росатом сервис" ստորաբաժանման մասնագետները սկսել են գնահատել ատոմակայնի ռեակտորի մետաղական կոնստրուկցիաների որակական հատկանիշները (ամրություն, փխրունություն):
«Ռուսաստանցի մասնագետները հատուկ կոնտեյներներ են տեղադրում, որոնց միջոցով գնահատվելու է ռեակտորի մաշվածության աստիճանը», - հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մեծամոր քաղաքի մերձակայքում գտնվող Հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1979 թվականին: ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989 թվականին։ 1995-ին ռուս մասնագետների մասնակցությամբ ատոմակայանը կրկին ակտիվացվել է, ինչից հետո վերսկսվել է կայանի երկրորդ էներգաբլոկի արդյունաբերական շահագործումը։
Ատոմակայանն արտադրում է Հայաստանում ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ 2021 թվականի նոյեմբերին ավարտվել են էներգաբլոկի լայնածավալ արդիականացման աշխատանքները, ինչը հնարավորություն է տվել երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026-ը։
Պաշտոնական Երևանը, սակայն, հայտարարել է, որ ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։