Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյան. Հայաստանը ԱՄՆ-ի հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 12 տարի է մնացել։

«Մտել ենք շատ առարկայական փուլ, այսինքն, մենք հիմա Միացյալ Նահանգների հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու, այսինքն, առանց այդ իրավապայմանագրային դաշտի մենք չենք կարող առաջ ընթանալ: Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է: Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել», - նշել է Գրիգորյանը։

Դեռ մայիսին Երևանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ: Քաղաքագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի այսօրվա հայտարարությունը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը դիվերսիֆիկացնելու տեսանկյունից:

«Դիմակայունությունը մեր ռազմաքաղաքականը չէ, դա էներգետիկա է, ենթակառուցվածքներ են, ամեն ինչ են: Սա նաև շատ կարևոր է հենց բուն հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, որովհետև եթե օրինակ՝ թեմաների մեծամասնությունը միակողմանի կախվածություն է կամ բարի կամքի դրսևորում է, ապա սա շատ կոնկրետ փոխշահավետ, շատ կոնկրետ երկու կողմերին էլ շատ հետաքրքիր խոսակցություն է: Որովհետև ես ինչքանով նկատում եմ, Միացյալ Նահանգների թե՛ էս վարչակազմի համար, թե՛ նույնիսկ Թրամփի վարչակազմի համար շատ կարևոր է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների արտահանումը, վաճառքը, բիզնեսը», - ասաց Քոչինյանը:

Հայ-ամերիկյան հնարավոր այս գործարքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Փոխարենը դեռ ամիսներ առաջ Հայաստանը ռուսական Ռուսատոմին վստահեց Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքները՝ ծախսելով դրա վրա 65 միլիոն դոլար։ Դրանից առաջ էլ՝ դեռ 2022-ին, երբ հայ-ռուսական հարաբերություններն այսչափ սրված չէին, հայկական կողմը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով Երևանն ու Մոսկվան համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել։

«Չեմ բացառում, որ Ռուսաստանը, եթե այդ որոշումը կայացվել է ու այդ որոշման իմպլեմենտացումը սկսվի, կգնան որոշակի պատժիչ գործողությունների, պետք է պատրաստ լինենք, ինչպես և պետք է պատրաստ լինեն բոլոր ուղղություններով: Կա խնդիր, էդ խնդիրը Հայաստանի կախվածություններն են Ռուսաստանից, էդ խնդիրը պետք է քարտեզագրել, և այդ խնդրի բոլոր ուղղություններով պետք է լուծումներ առնվազն պլանավորել», - ընդգծեց Արեգ Քոչինյանը:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանն այսօր պնդել է, որ Հայաստանն աշխատում է բոլոր ոլորտներում վերացնել մեկ երկրից կախվածությունը՝ նշելով, թե, օրինակ, անվտանգության ոլորտում արդեն կան հաջողություններ։

«Էս պահին ՀԱՊԿ-ի անդամ լինելով Հայաստանը Ֆրանսիայից զենք է գնում, դիմել է EPF Եվրոպական խաղաղության գործիքակազմ, և այս առումով մենք շարունակում ենք առաջ շարժվել: Ես համոզված եմ, որ Հայաստանի հնարավորությունները շատ մեծ են ու այդ հնարավորությունները կարող ենք օգտագործել», - ասել է Գրիգորյանը:

Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրվելիք հնարավոր աջակցությունը, որ հիշատակում է Անվտանգության խորհրդի քարտուղարը, Հունգարիան արգելափակել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG