Գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ Խաչատուր Բալասանյանը կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն քրեական վարույթի շրջանակում։ Ո՞վ է այդ այդ ազգականը, ի՞նչ ենթադրյալ չարաշահումներ են հայտնաբերել քննիչները՝ Քննչական կոմիտեն չի մանրամասնում, նրա փաստաբանի հետ էլ կապ հաստատել չի հաջողվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր ԲալասանյանըԿրտսեր Բալասանյանի մասին երկուսուկես ամիս առաջ հիշել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները Գյումրիի ավագանու նիստում։ Այդ օրը քննարկում էին նաև նրա հոր քաղաքապետության օրոք օտարված գույքը համայնքին վերադարձնելու հարցը.
«Մասնավորապես Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասի մասին է խոսքը: Այս հողամասը Գյումրի համայնքին փոխանցվել է սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս, և քաղաքապետ արդեն Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով այդ հողամասը օտարվել է նախ Սիրական Մկոյանին, հետո արդեն՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին: Եվ սա այն պարագայում, երբ հողամասը որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող չէր կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և բնականաբար ենթակա չէր օտարման», - հայտարարում էր ավագանու ՔՊ-ական անդամ Քնարիկ Հարությունյանը:
Ժամանակին համայնքին պատկանած 24 գույքերը, դրանց թվում՝ Բալասանյաններին պատկանող պատմական «Սև բերդի» տարածքի հողատարածքները վերադարձնելուն անակնկալ կողմ քվեարկեց նաև նախկին քաղաքապետի հետ սերտորեն առնչվող «Բալասանյան» դաշինքը։ Փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը, ով Սամվել Բալասանյանի զարմուհի է, նույնիսկ ելույթ էր ունեցել. - «Կարծում եմ՝ մենք չենք այն ինստիտուտը, որը պետք է մեղավորների անուններ հնչեցնի: Նախ կոչ կանեմ գործընկերներին գործընթացը չքաղաքականացնել, և ավելորդ եմ համարում անձնավորված մեղադրանքների հրապարակումը: Մեր թիմը հանձնառու է պաշտպանել Գյումրու և գյումրեցու շահը, և մենք կաշկանդված չենք որևէ հանգամանքով: «Բալասանյան» դաշինք խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին. մեզ համար էլ է առաջնային իրականության պարզաբանումը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երկու նախկին քաղաքապետերի օրոք օտարված 24 գույքերը Գյումրիին վերադարձնելու պահանջը հասավ դատարանԳյումրիում նախկին կոալիցիոն ուժերը հավանություն տվեցին ՔՊ-ի նախաձեռնությանը օտարումների վերաբերյալՔՊ-ն Գյումրիի նախկին քաղաքապետերի օրոք օտարման որոշումները քննարկելու հարցով նիստ է հրավիրում«Ազատության» տեղեկություններով՝ Խաչատուր Բալասանյանը մեկնում էր Միացյալ Նահանգներ, որտեղ վաղը նշելու էին բուժման նպատակով այնտեղ գտնվող հոր 70-ամյակը։
Միացյալ Նահանգներում է նաև Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը, ով Իրաքում Հայաստանի դեսպանն էր և պաշտոնից ետ կանչվեց, երբ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր»-ը խզեց իր կոալիցիոն հուշագիրը «Բալասանյան» դաշինքի հետ ու իշխանությունից դարձավ ընդդիմություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզման պատճառը ստվերային կառավարումն է եղել. «Քաղաքացիական պայմանագիր»ՔՊ-ն խզում է Գյումրիում «Բալասանյան դաշինքի» հետ կնքած հուշագիրըԻ դեպ, այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստ էր նշանակված, որը, սակայն, չկայացավ քվորումի բացակայության պատճառով՝ «Բալասանյան» դաշինքի ու ՀՀԿ խմբակցության անդամները ներկա չէին։ «Ազատություն»-ը փորձեց հեռախոսով զրուցել «Բալասանյան» դաշինքի անդամների հետ, բայց վերջիններս կա՛մ զանգերին չէին պատասխանում, կա՛մ անհասանելի էին։
Իրավապահների ուշադրության կենտրոնում Բալասանյան ընտանիքը հայտնվել էր նաև չորս տարի առաջ։ 2020 թվականի սեպտեմբերին Քննչականը հայտարարեց, թե Գյումրիի պատմական «Սև բերդ» ամրոցը 2005-ին մի շարք խախտումներով օտարվել, իսկ ահա 2012-ին այն արդեն գնել են Բալասանյանները։ Այդ ժամանակ դեռ քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե մտահոգվելու ոչինչ չունի, քանի որ 19-րդ դարի ամրոցը 2012-ին սեփականատիրոջից է ձեռք բերել։
«Բայց ինչի՞ համար մտահոգվեմ: Մտահոգվելը էն է, որ ուղղակի հաղորդագրություն է գնում, չի հնչեցվում անուն-ազգանուն, բայց բոլորը գիտեն, որ «Բալասանյան» ընտանիքինն է: Բայց ես ուղղակի ասում եմ, որ մենք ձեռք ենք բերել 12 թվականին: Էս է իմ խնդիրը էսօր, որ ես ուղղակի հասարակությանը ասեմ, որ մենք էս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունենք», - հայտարարել էր Բալասանյանը:
Այս քրեական գործի ճակատագիրն անհայտ է։ Այսօր Քննչականից մանրամասներ չհայտնեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Քրեական գործ է հարուցվել 15 տարի առաջ Գյումրիի Սև բերդի օտարման փաստով