Գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։
Գործից դեռ մանրամասներ չեն հայտնում։
Բալասանյանների ընտանիքը 2020-ին հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Իրավապահները պնդում էին, որ Գյումրիի պատմական Սև բերդ ամրոցը մի շարք խախտումներով է օտարվել ընտանիքին։
«Ազատության» տեղեկություններով՝ Խաչատուր Բալասնանյանը ձերբակալվել է Սև բերդ ամրոցին հարակից հողատարածքների օտարման փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
2.5 ամիս առաջ Գլխավոր դատախազության գրության հիման վրա Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ հրավիրեց և Գյումրու նախկին 2 համայնքապետերի՝ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասնյանի պաշտոնավարման տարիներին 24 անուն գույք համայնքին հետ վերդարձնելու համար որոշվեց դիմել դատարան։
Ըստ այդմ, Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ Սև բերդ ամրոցի հարակից հողատարածքները մասնատվել, օտարվել են մի անձի, որից հետո սեփականության իրավունքով դրանք ձեռք է բերել քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Իսկ հողատարածքը օտարման ենթակա չի եղել։
Մանրամասները տե՛ս այստեղ