Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել 15 տարի առաջ Գյումրիի Սև բերդի օտարման փաստով


Գյումրիի Սև բերդը, արխիվ
Գյումրիի Սև բերդը, արխիվ

Սամվել Բալասանյանը շեշտում է՝ անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ իր ընտանիքը 2012-ին սեփականատիրոջից է ձեռք բերել ամրոցը:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 2005 թվականին Գյումրիի Սև բերդ հուշարձանի ապօրինի օտարման փաստով:

Ըստ իրավապահների՝ հուշարձանը մի շարք խախտումներով օտարվել է ֆիզիկական անձի, իսկ գործընթացում ներգրավված են եղել Պաշտպանության և Արդարադատության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կադաստրի կոմիտեի և Նոտարիատի աշխատակիցներ, թե ովքեր՝ Ոստիկանությունը անուններ չի նշում:

Հիշեցնենք՝ 2005 թվականին պաշտպանության ու արդարադատության գերատեսչությունները ղեկավարում էին Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը:

Ռուս – պարսկական երկրորդ պատերազմից հետո, 19-րդ դարում կառուցված ամրոցը 1995 թվականից եղել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, իսկ 2004-ից ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում:

Սակայն, ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Պաշտպանության և Արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օտարման ոչ ենթակա մշակութային հուշարձանների մասին օրենքը, կազմակերպել են Պաշտպանության նախարարությանը պատկանող ամրոցի օտարումը ֆիզիկական անձի: Արդյունքում, ըստ Ոստիկանության, պետությանը պատճառվել է էական վնաս:

Ոստիկանությունը չի մանրամասնում, թե ինչ գումարի մասին է խոսքը, և ով է այն անձը, որին օտարվել է պատմական հուշարձանը:

Շիրակի մարզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Սև բերդը այժմ պատկանում է Գյումրիի գործող քաղաքապետի ընտանիքին:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Բալասանյան ընտանիքը 2012-ին սեփականատիրոջից է ձեռք բերել ամրոցը:

«Բայց ինչի՞ համար մտահոգվեմ: Մտահոգվելը էն է, որ ուղղակի հաղորդագրություն է գնում, չի հնչեցվում անուն-ազգանուն, բայց բոլորը գիտեն, որ Բալասանյան ընտանիքինն է: Բայց ես ուղղակի ասում եմ, որ մենք ձեռք ենք բերել 12 թվականին: Էս է իմ խնդիրը էսօր, որ ես ուղղակի հասարակությանը ասեմ, որ մենք էս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունենք», - ընդգծեց Գյումրիի քաղաքապետը:

Ապա նա մանրամասնեց. - «2005 թվականին Սանկտ Պետերբուրգից եկած Հայկ Հայրապետյանը շատ լուրջ ծրագիր ներկայացրեց, 2004 երևի թե թվականին, և հետագայում, ափսոս, չկարողացավ էդ ծրագիրը իրականացնել, որովհետև մահացավ, և էդ բերդը 2005 թվականից իրենք վաճառում էին, շատ երկար տարիներ փորձեցին ինչ-որ տեղ, որ որևէ մեկը գներ, բայց որևէ մեկը չէր էլ գնի, որովհետև տրամաբանություն չկար էդ բերդը գնելու, և քանի անգամ նաև ինձ են առաջարկել, ես նույնպես տրամաբանություն չեմ գտել, որ էդ բերդը կարող ենք վերցնել: Բայց 2012 թվականին, երբ որ ես քաղաքապետ ընտրվեցի, պարզ է, շատ մարդիկ, հասկանալով նաև, որ հնարավորություն ունեցող անձնավորություն եմ, որը կարող է ինչ-որ տեղ հիմնական միջոցներ գնել, Հայրապետյան ընտանիքը եկավ, նորից Սև բերդի հետ կապված առաջարկություն կատարեց: Իհարկե, շատ երկար խորհեցինք ընտանիքով՝ մենք Սև բերդը կառուցենք, որը քաղաքի համար շատ-շատ կարևոր նշանակություն կունենա»:

«Ազատության» հարցին՝ արդյոք հուշարձանը ձեռք բերելու ընթացքում չե՞ն փորձել ստուգել փաստաթղթերի օրինականությունը, քաղաքապետն արձագանքեց. - «Ոչ մի բան չէի էլ ես կարող նկատել, որովհետև ես եղել եմ բարեխիղճ ձեռք բերող: Թե ինչ են արել, ինչ ձևի են ձեռք բերել, դա ընդհանրապես ոչ էլ ինձ հետաքրքրել է: Ասում եմ, որ մարդիկ ուղղակի խնդրում էին, որպեսզի կարողանային վաճառել, որևէ մեկին հետաքրքրություն չէր առաջացնում»:

Բալասանյանն ընդգծում է, որ իրենք ամրոցը ձեռք են բերել բավականին անմխիթարական վիճակում, տարիների ընթացքում մեծ գումարներ են ներդրել: Այնտեղ հիմա պարբերաբար մշակութային մեծ միջոցառումներ են անցկացվում, ինչպես, օրինակ, անցած տարի Անկախության տոնի գլխավոր միջոցառումը:

Հաշվի առնելով, որ ամրոցը ի սկզբանե եղել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, հնարավոր համարո՞ւմ է, որ քրեական գործի ավարտից հետո այն վերադարձվի այդ գերատեսչությանը: Սամվել Բալասանյանն արձագանքեց. - «Ես, ճիշտն ասած, գնահատական չտամ: Չեմ կարծում, որովհետև չի կարող էդպես լինել, Դուք հասկանո՞ւմ եք, էդ դեպքում ամեն ինչ կարող են ասել, որ՝ էս պետությանն է: Բարեխիղճ ձեռք բերողին ո՞նց կարող են ասել, թե գիտե՞ս ինչ կա... Վաճառել են՝ մարդը գնել է: Ասում եմ՝ խնդրում էին, որ գնեն: Լավ, ընդունենք՝ դա չէ, այլ բան է, մարդը գնել է, բարեխիղճ ձեռք բերող է: Դրա համար օրենսդրություն կա...»:

Ոստիկանությունը հարուցված քրեական գործն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղից «Ազատությանը» փոխանցեցին՝ նյութերը վարույթ են ընդունվել՝ նախաքննություն կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG